Չինաստանի Թիենձին քաղաքում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանին նվիրված համերգ
CultureՉինաստանի Թիենձին քաղաքի կենտրոնական համերգասրահում տեղի է ունեցել «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, համերգային ծրագրով հանդես է եկել Թիեն ձինի սիմֆոնիկ նվագախումբը՝ չինացի հայտնի դիրիժոր Չէն Սեյանի ղեկավարությամբ:
Համերգին հնչել են Ա.Խաչատրյանի բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում` հատվածներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից, «Դիմակահանդես» սյուիտը: Համերգը եզրափակվեց Չինաստանում լայն ճանաչում ունեցող «Սուսերով պար» կատարումով:
Հայկական երաժշտության այս յուրատեսակ տոնը հնարավորություն է ընձեռել խաչատրյանական հնչյունների միջոցով մեկ անգամ ևս ներկայացնել հայկական մշակույթը Չինաստանում: