Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների խնդիրները
EconomicsՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել մետաղական հանքավայրեր շահագործող և մետալուրգիական ընկերությունների խնդիրներին նվիրված խորհրդակցություն, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանը մասնակցել են Հայաս տանում գործող մետաղական հանքավայրեր շահագործող և մետալուրգիական ընկերությունների ղեկավարներ, ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների պաշտոնատար անձինք:
Խորհրդակցությունը հրավիրվել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ և նպատակն ուներ քննարկելու հանրապետության մետաղական հանքավայրեր շահագործող և մետալուրգիական ընկերությունների վրա միջազգային շուկայում գունավոր մետաղների գների անկման ազդեցությունը մեղմելու հնարավորությունները:
Խորհրդակցության ընթացքում բարձրացվել են մի շարք խնդիրներ, որոնք, մասնավորապես, վերաբերել են ռոյալթիների հաշվարկմանը, ԱԱՀ հետվերադարձմանը, ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորություններին և այլն:
Քննարկումների արդյունքում որոշվել է առաջին հերթին ձևավորել առաջարկությունների փաթեթ և ներկայացնել ՀՀ կառավարություն, ինչը հնարավորություն կստեղծի խնդիրների օպերատիվ լուծման համար` կարճաժամկետ հատվածում, այնուհետև անդրադառնալ առավել գլոբալ խնդիրների լուծմանը` ապահովելով ոլորտի հետագա և շարունակական զարգացումը: