Կաթողիկոսն ընդունել է Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի ղեկավար մարմնի անդամներին
SocietyՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը նոյեմբերի 25-ին ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի ղեկավար մարմնի (ԵԵԿ) եռօրյա ժողովի մասնակիցներին` ուղեկցությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար, ԵԵԿ-ի ղեկավար մարմնում Հայ եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի և Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանի:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Հայր Շահեն ժողովականներին է ներկայացրել Նորին Սրբությանը` անդրադառնալով նաև ԵԵԿ ժողովի օրակարգին:
Ողջունելով Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի ներկայացուցիչներին` Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է, որ հայ ժողովրդի համար նվիրական այս տարում, երբ հայությունն ամենուրեք ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ԵԵԿ ղեկավար մարմինը, ընդառաջ Ամենայն Հայոց Հայրապետի հրավերին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է անցկացնում իր տարեկան ժողովը: Այս առիթով Վեհափառ Հայրապետը մեծապես կարևորել է այն զորակցությունը, որ միջեկեղեցական կազմակերպությունները` Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, և Քույր եկեղեցիները բերեցին Հայոց եկեղեցուն և հայ ժողովրդին ի նպաստ` մասնակցելով Մայր Աթոռում, աշխարհի հայկական տարբեր համայնքներում և Քույր եկեղեցիների հոգևոր կենտրոններում կազմակերպված հիշատակի արարողություններին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության դատապարտման գործում քրիստոնեական եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ցուցաբերած աջակցությանը` Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման միջոցով է հնարավոր միայն մարդկային կյանքում կանխարգելել նմանօրինակ ոճիրներն ու հանցագործությունները:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը դատապարտության խոսք է հնչեցրել նաև Փարիզում (Ֆրանսիա) նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առիթով` առ Աստված աղոթք վերառաքելով զոհվածների հոգիների խաղաղության ու նրանց հարազատների մխիթարության համար: Վեհափառը փաստել է, որ եկեղեցիների ակտիվ գործակցությունը, միջեկեղեցական և միջկրոնական երկխոսությունների իրականացումը կարող են նպաստել նման աղետալի երևույթների հաղթահարմանը:
ԵԵԿ գործադիր անդամների անունից խոսք է ասել ԵԵԿ նախագահ Քրիստոֆեր եպիսկոպոսը (Անգլիկան Եկեղեցի): Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար` նա ընդգծել է, որ Քրիստոսի առաքյալների կողմից հիմնադրված Հայ եկեղեցու հոգևոր կենտրոնում գտնվելը խմբի յուրաքանչյուր անդամի ավելի է հարստացնում ու ամրապնդում քրիստոնեական հավատի մեջ: Քրիստոֆեր եպիսկոպոսն անդրադարձել է նաև Մայր Աթոռում կատարված` Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության կարևորությանը և խորհրդավորությանը:
Վերջում Ամենայն Հայոց կաթողիկոսը ժողովականներին ներկայացրել է Հայ եկեղեցու ներկայիս գործունեությունը, խոսել Հայ եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների և եկեղեցականների նոր սերնդի պատրաստության մասին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: