Զենքն ադիբուդի չէ, որ ամեն քայլափոխին հնարավոր լինի «գնել»
AnalysisԱյն, որ մի երկրում որևէ զինված խումբ է վնասազերծվում, նորմալ երևույթ է, ինչը վկայում է երկրի պատկան մարմինների զգոն և հետևողական աշխատանքի մասին: Եվ ինչքան էլ սիրողական լինի հասարակության կարծիքն այս մասին, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ իրավապահ մարմինների աշխատանքը փայլուն էր: Այստեղ սակայն, կա մեկ այլ հարց, որի մասին լուրջ մտահոգվել է պետք: Խոսքը երկրի ներսում զենք-զինամթերք ձեռք բերելու մասին է, ու այս հարցում կարծում եմ դեռևս լուրջ թերություններ կան: Այն, որ սովորական խանութներում, սուպեր և հիպեր մարկետներում զենք-զինամթերք չի վաճառվում, բոլորը գիտեն: Բայց, արի ու տես, որ այն ձեռք բերելն այնքան էլ անհավանական չէ: Ուրեմն հարց է ծագում՝ որտեղի՞ց կարելի է գնել «ԱԿ-74», «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգեր, «ՏՏ» տեսակի ատրճանակներ, փամփուշտներ, նռնակներ և նմանօրինակ այլ պարագաներ:
Տնտեսագիտական տեսության համաձայն՝ պահանջարկն է առաջարկ ձևավորում և եթե այս տեսանկյունից հարցին մոտենանք, ապա պարզվում է, որ Հայաստանում ցանկության դեպքում հնարավոր է նաև հակատանկային բեկորային ականներ, հակատանկային նռնականետեր և այլ տեսակի զենք-զինամթերք վաճառողների էլ գտնել: Ստացվում է, որ մեզ մոտ բավական զարգացած է զենքի վաճառքի «շուկան» և կան մարդիկ, ովքեր կառաջարկեն ինչ զենք ուզում ես, ու ինչքան ուզում ես, բայց ի՞նչ ճանապահով են նման «ապրանքները» հայտնվում ապրանքաշրջանառության մեջ ու հետո էլ մարդկանց ձեռքերում:
Անշուշտ, հակատանկային բեկորային ականներ կամ հակատանկային նռնականետեր օգտագործելու համար պետք է նաև որոշակի գիտելիք և հմտություն ունենալ, ինչը նույնպես կարծես թե այնքան էլ խնդիր չէ: Այսինքն, «հայրենասիրական մղումներից» ելնելով ում խելքին էլ փչի, կկարողանա իրականացնել ցանկացած տեսակի, մասշտաբի ու որակի խժդժություն: Հետոն նույնպես պարզ է՝ նախապես մշակած սցենարով կատարվածի հետևանքները ուրիշների վրա բարդել, մեղքի սլաքի ուղղությունը նենգորեն շրջել այս կամ այն քաղաքական խմբի կամ կառույցի վրա ու հանգիստ ճողոպրել:
Բայց, եթե անկեղծ լինենք, սովորական մարդու համար այնքան էլ կարևոր չէ, թե որ զենքն ինչ «հնարավորություններ» ունի: Նրա համար սեփական «հեղինակությունը» փրկելու նպատակով մեկ ատրճանակի կրակոցով մարդ սպանելու մասին տեղեկությունը նույն տհաճ զգացումն է առաջացնում: Պարզապես հարց է ծագում, թե ինչպես կարող է մի բուռ Հայաստանում հնարավոր չլինի պարզել, թե որտեղից են մարդկանց ձեռքում հայտնվում զենքերը, կամ զենք-զինամթերքի «շուկան» ո՞ւմ մենաշնորհն է և ովքեր են ներգրավված այդ շղթայում: Այ, սա արդեն իրավապահների կողմից լուրջ բացթողում է, որի մասին ոչ թե պետք է մտածել, այլ նրանց հայտնաբերելու համար հստակ քայլեր ձեռնարկել:
Արմինե Գրիգորյան