Որքան անկեղծ է պետք լինել սիրելիի հետ
LifestyleՈրքա՞ն անկեղծ պետք է լինել սիրելիի հետ եւ արդյո՞ք երկու սեռերի հարաբերությունների անկեղծությունը միշտ է արդարացված: Չնայած ծնողները մանկությունից մեզ սովորեցնում են, որ ստելը վատ է, առաջին սուտը մենք լսում ենք նրանցից: Ծնողները ստում են երեխաներին՝ հույս ունենալով պաշտպանել նրանց ցավից եւ հիասթափությունից, կանայք եւ տղամարդիկ միմյանց ստում են նույն պատճառով: Զուգընկերոջը հիասթափեցնելու վախը մեզ ստիպում է կա՛մ գունազարդել իրականությունը, կա՛մ չարտահայտվել ու թաքցնել: Որովհետեւ, ինչպես կյանքի փորձն է ցույց տալիս, ճշմարտությունը կարող է սպանել նույնիսկ ամենաուժեղ զգացմունքները:
Օրինակ, արժե՞, արդյոք, տղամարդուն ասել, թե իրենից առաջ քանի տղամարդ է եղել կնոջ կյանքում կամ ում է սիրահարվել առաջին դասարանում: Այս հարցին կարող է ընդամենը մեկ պատասխան լինել` ո՛չ: Հայ տղամարդիկ, ի դեպ՝ ինչպես այլ ազգերի, դժվարությամբ են մարսում իրենց ընկերուհիների նախորդ սիրահետողների մասին տեղեկությունը: Ինձ սիրահետողներից մեկն ուղղակի ասաց. «Նույնիսկ եթե ինքս քեզ խնդրեմ, ծնկաչոք աղաչեմ, ոչինչ մի ասա»:
Ես գնահատեցի նրա անկեղծությունն ու հետեւեցի խորհրդին: Կանայք մի թերություն ունեն՝ սիրում են խոսել: Նրանցից մի քանիսին թվում է, թե սիրահետողների երկար ցանկը, որոնք, իհարկե, մերժվել են, տղամարդկանց աչքում բարձրացնում է իրենց գրավչությունը: «Տեսնում ես, այդ բոլորից ես քեզ եմ ընտրել…»: Բայց այդ առաջին հերթին լրացնում է կնոջ փառասիրությունը: Ինչ վերաբերում է տղամարդկանց. նրանց դեպքում հակառակ արդյունքն է գործում:
Նրան, մեղմ ասած, հաճելի չէ, բայց չի հասկանում, թե ինչո՞ւ, եւ այդ նրան բարկացնում է: Ամեն դեպքում, եթե անգամ ձեր տղամարդն անցյալի վերաբերյալ հետաքրքրություն է ցուցաբերում՝ իրեն «առաջադեմ» ձեւացնելով, ավելի լավ է ներկայի մոտ շատ չմանրամասնել նախկինների մասին: Պետք չէ խաղաքարտերը հանձնել հակառակորդին:
Հայ տղամարդը միշտ եւ ամեն ինչում պետք է առաջինը լինի: Այդ կարծրատիպ է, որի մասին պետք չէ մոռանալ: Իհարկե, այդ չի նշանակում, որ «առաջին համբույրից» պետք է կորցնեք գիտակցությունը կամ ձեզ կույս երեւակայեք, առավել եւս, եթե այդպես չէ: Հարկավոր է պարզապես հմտորեն շրջանցել այդ նուրբ հարցը: Անցյալը թողեք անցյալում, կենտրոնացեք ներկայի վրա: Այնպես է ստացվել, որ եթե տղամարդը շատ կանայք է ունեցել կյանքում, ապա «խելացի է եւ մաչո», իսկ կանանց պարագայում՝ « հիմար է եւ անբարոյական»:
Սիրահարվելով կա սիրելով՝ կանայք տրվում են անմնացորդ: Մարմնով տրվելիս՝ մենք նաեւ ամբողջությամբ մեր հոգին ենք մերկացնում: Այդպիսով, մենք նվիրվում են սիրելիին՝ փորձելով ապացուցել մեր անկեղծ սերն ու բյուրեղյա մաքրությունը: Մոռանում ենք մայրիկների ու տատիկների իմաստուն խորհուրդն այն մասին, որ կնոջ մեջ պետք է խորհրդավորություն լինի, որովհետեւ այլ կերպ չենք կարող սիրել: Իմ խելացի մտերիմներից մեկը մի անգամ ասաց. «Կնոջ կամ տղամարդու մոտ անկեղծանալիս մի՛ մոռացիր ինչ-որ բան էլ քեզ համար թողնել, թեկուզ 10 տոկոս»: Եվ, հավատացեք, նա լիովին իրավացի էր: