Զինված հանցախմբի կին անդամներից երկրորդին կալանավորել են և տեղափոխել «Աբովյան» ՔԿՀ
SocietyԵրևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի իգական սեռի ներկայացուցիչներից երկրորդի` 34-ամյա Մարինե Կատանյանի նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու միջնորդությունը:
Այս մասին հայտնեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ով պաշտպանում է նաև ձերբակալված մյուս երկու կանանց` Մարինե Կատանյանի, Նելլի Մինասյանի շահերը: «Մարինե Կատանյանը կալանավորվեց մինչև 2016թ. հունվարի 25-ը, նրան արդեն տեղափոխել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ»,-ասաց փաստաբան Պետրոսյանը: Նրա մյուս պաշտպանյալի դեպքով դեռևս դատական նիստը չի կայացել, սակայն ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել նրան ևս կալանավորելու: Պետրոսյանն ասաց, որ իր պաշտպանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:
Ավելի վաղ դատարանը բավարարել էր ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի իգական սեռի ներկայացուցիչներից Ասյա Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու միջնորդությունը, ով նույնպես տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
Մյուս ձերբակալվածների փաստաբանները հրաժարվում են մեկնաբանություն տալուց: Գործի նյութեր դեռ չունեն, այլ մանրամասների չեն տիրապետում: Դատական նիստը դռնփակ է: