Ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով հանդես է եկել Լեհաստանում
CultureՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով հանդես է եկել Լեհաստանում: ՀԱՖՆ գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը Լեհաստանից «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին:
«Մեր լավագույն համերգներից էր, շատ լավ է անցել: Համերգի տոմսերն ամբողջությամբ սպառվել էին: Միջոցառմանը ներկա էր Լեհաստանում Հայաստանի դեսպանը»,-նշեց Արման Պադարյանը:
Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Վարշավայի «SALA KONCERTOWA»-ում ներկայացրել է Ն. Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական կապրիչիո», Ա. Խաչատրյանի Ջութակի կոնցերտ, Պ. Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 1 ստեղծագործությունները:
Որպես մենակատար հանդես է եկել Անուշ Նիկողոսյանը (ջութակ):
Նվագախմբի հաջորդ կանգառը Գերմանիան է. Ֆիլհարմոնիկը դեկտեմբերի 2-ին և 3-ին երկու համերգ կունենա Լյուդվիգսհաֆենի «BASF Feierabendhaus» համերգասրահում:
Համերգները նվիրվում են նաև նվագախմբի հիմնադրման 90-ամյակին:
Լուսանկարները տրամադրել է Արման Պադարյանը