Տրանսֆերտների կրճատումը շարունակում է ճնշումը տնտեսության վրա
AnalysisԱրտաքին հատվածից Հայաստան փոխանցվող գումարները շարունակում են էապես զիջել նախորդ տարվա մակարդակը։ Կենտրոնական բանկի այսօր հրապարակած տվյալների համաձայն, հոկտեմբերին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով իրենց հարազատներին են ուղղարկել 109,1 մլն դոլար, ինչը 52,5 միլիոնով կամ ավելի քան 32 տոկոսով պակաս է 2014թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Չնայած սովորաբար տարեվերջին ընդառաջ տրանսֆերտների հոսքերը կտրուկ ավելանում են, այնուհանդերձ այդ միտումը այս տարի հիմնականում չի նկատվում։ Թերեւս պատահական չէ, որ սեպտեմբերի համեմատ փոխանցումներն աճել են ընդամենը 2 մլն դոլարով։
Ինչպես նախորդ ամիսներին, այնպես էլ հոկտեմբերին հոսքերի կրճատումը պայմանավորված է գլխավորապես ռուսական շուկայի պասիվությամբ։ Նախորդ տարվա 137,5 մլն դոլարի փոխարեն հոկտեմբերին Ռուսաստանից ստացվել է ընդամենը 85 մլն դոլար։ 2014թ. նկատմամբ բացասական տարբերությունը գերազանցում է 52,5 միլիոնը։
Մասնավոր փոխանցումների կրճատումն առավել ակնհայտ է ամբողջ տարվա կտրվածքով։ Տարեսկզբի 10 ամիսներին բանկային համակարգով ստացվել է ընդհանուր առմամբ 1 մլրդ դոլար։ Այն դեպքում, երբ 2014թ. նույն ժամանակահատվածում այն գերազանցում էր 1,478 միլիոնը։ Այլ կերպ ասած, ընթացիկ տարվա 10 ամիսներին տրանսֆերտներն ավելի քան 478 միլիոնով նվազել են։
Այսինքն՝ այդքան գումար հասարակությունն ու տնտեսությունը չի ստացել։ Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչպիսի լուրջ ֆինանսական ռեսուրս է Հայաստանի համար։
Թեեւ նույնիսկ այդ պայմաններում տնտեսությունը կարողացավ հաղթահարել անկումային իրավիճակը։ Տարբեր ուղղություններով ձեռնարկված քայլերը հնարավորություն տվեցին մեղմել այդ կարեւոր գործոնի ազդեցությունը։ Այլապես հետեւանքները տնտեսության մեջ շատ ավելի ծանր կարող էին լինել։
Ռուսական ֆինանսական շուկայում առկա դրսեւորումները վկայում են, որ փոխանցումների ակտիվություն չի լինելու նաեւ տարեվերջի երկու ամիսներին։ Մի բան, ինչը նշանակում է, որ տարվա կտրվածքով միայն բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ուղղարկվող գումարները պակաս կլինեն առնվազն 30 տոկոսով։ Այն կարող է հասնել 550-600 մլն դոլարի։
Ըստ ամենայնի, եւս այդքանով կկրճատվեն նաեւ այլ ճանապարհով իրականացվող ներհոսքը։ Խոսքը՝ կանխիկ մուտքերի մասին է, որոնք տարբեր գնահատումներով, մոտ են անկանխիկ փոխանցումներին։
Արդյունքում՝ ընթացիկ տարի միայն այս հատվածից տնտեսությունն, ըստ էության, չի ստանա 1-1,2 մլրդ դոլար։
Վ.ՔՈՉԱՐՅԱՆ