Ժնևում կայացել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման երեկո
SocietyՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման Շվեյցարիայի հանձնախմբի նախաձեռնությամբ և Ժնևի քաղաքային խորհրդի բարձր հովանու ներքո Ժնևի Կոնսերվատորիայի մեծ սրահում նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել ոգեկոչման երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շվեյցարահայ հայտնի դիրիժոր Լյուկ Բաղդասարյանի գլխավորած «Ժնևի Սիմֆոնիկ վարիացիաներ» նվագախմբի կատարմամբ ներկայացվե են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Գուգեն Ալեմշահի ստեղծագործությունները:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Ժնևի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Սամի Կանաանը, ով ընդգծել է «20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի` Հայոց ցեղասպանության լիարժեք և ամբողջական ճանաչման, դատապարտման, ինչպես նաև հիշողության տուրքի անհրաժեշտությունը»: Նա դատապարտել է Հայոց ցեղասպանության ժխտման փորձերը, «որոնք խոչընդոտում են ժողովուրդների խաղաղ և ներդաշնակ ապագային»: Սամի Կանաանը հույս է հայտնել նաև, որ հաջորդ տարվա ընթացքում արդեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշողության լապտերներ» հուշակոթողն իր արժանի տեղը կգտնի Ժնևում:
Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանն իր ելույթում ընդգծել է, որ «ցեղասպանությունը մեկ ժողովրդի դեմ իրագործված ոճիր չէ, այն ծանրագույն հանցագործություն է ողջ մարդկության դեմ, մարդկության համընդհանուր պարտությունը: Եվ միայն հիշողության համընդհանուր տուրքն է, որ ի զորու է մեղմել արնածոր վերքի ցավը»: Նա նշել է, որ «հիշողությունը, ճանաչումը, դատապարտումն այդ սոսկալի ոճրի կանխարգելման միակ երաշխիքն են: 1939 թվականին Հիտլերի խոսքերը` «ով է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին», ևս ցույց են տալիս այն անմիջական կապը, որ առկա է ժխտման, անպատժելիության և ոճրի կրկնման միջև»:
Այդ համոզմունքով էր, որ մարտի 27-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը Հայաստանի նախաձեռնությամբ ընդունեց Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև, որում ընդգծում էր անպատժելիությանը, ժխտողականությանը վերջ դնելու կարևորությունը: Ժնևյան այդ բանաձևի հիման վրա ՄԱԿ Գլխավոր ասամբլեան, Հայաստանի նախաձեռնությամբ, դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր:
Դեսպանորդ Տոլմաջյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության տարելիցն առիթ է նաև վերստին հիշելու և երախտագիտություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր մեր ժողովրդի կողքին են եղել իր պատմության այդ դժնի օրերին: Նա երախտիքի խոսքեր է ուղղել շվեյցարացի ժողովրդին՝ ի համերաշխություն հայ ժողովրդի Շվեյցարական Համադաշնության ողջ տարածքում սկիզբ առած լայնածավալ շարժման համար: Հազարավոր հայերի կյանքն ու արժանապատվությունը փրկելուց զատ շվեյցարացի նվիրյալներն օգնել են մեր ժողովրդին վերագտնելու մարդկության հանդեպ սասանված հավատը, հայրենիքի ապագայի և վեր ածննդի կորսված հույսը և դարձել են հայ-շվեյցարական բարեկամության իրական դերակատարներ և խորհրդանիշներ:
Ոգեկոչման միջոցառմանը ներկա են եղել Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի պատգամավորներ, Ժնևի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և բազմաթիվ շվեյցարացիներ: