Ոստիկանությունը հանրահավաքի մասնակցի պարտականությունները խախտելու կասկածանքով բերման է ենթարկել ակտիվիստի
SocietyԱզատության հրապարակում «Նոր Հայաստան» նախաձեռնության հանրահավաքի մեկնարկից առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գևորգ Սաֆարյանը բերման է ենթարկվել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հավաքի մասնակցի պարտականությունները խախտելու կասկածանքով:
«Նա այդ կասկածանքով բերման է ենթարկվել բաժին և հիմա բաժնում պարզաբանումներ է ներկայացնում: Երբ պարզաբանումներն ավարտվեն, նրան բաց կթողնեն»,- փոխանցեցին ոստիկանությունից:
Ազատության հրապարակում քիչ անց կմեկնարկի «Նոր Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը:
«Նոր Հայաստան» նախաձեռնության կազմում են «Ժառանգություն» կուսակցությունը, Հիմնադիր խորհրդարանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժումը: