Հայաստանի գլխավոր թատրոնում դեկտեմբերը հարուստ է խաղացանկային ներկայացումներով
CultureԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերը հարուստ է խաղացանկային ներկայացումներով:
Ինչպես տեղեկացրին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեկտեմբերի 3–ին կներկայացվի Լ.Մինկ ուսի «Դոն Կիխոտ» երեք գործողությամբ բալետը: Գլխավոր դերերում հանդես կգան Սևակ Ավետիսյանը, Սյուզաննա Փիրումյանը, Մարիա Դիվանյանը: Ներկայացման բեմադրիչ-բալետմայստերն է ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը: Դիրիժորական վահանակի մոտ կլինի Աթանես Առաքելյանը:
Ժ. Բիզեի «Կարմեն» օպերան այս տարեվերջին կցուցադրվի ևս երկու անգամ՝ դեկտեմբերի 6–ին և 23-ին: «Կարմեն»-ը ընթացիկ թատերաշրջանի պրեմիերա է և արդեն մեծ խանդավառությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից: Գլխավոր դերերում հանդես կգան Նարինե Անանիկյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Գեորգի Առաքելովը, Սոֆիա Բաղդասարյանը, Արծվիկ Դեմուրչյանը, Թամարա Դադոյանը, Աբգար Սարգսյանը, Տիգրան Կոնինյանը, Պողոս Բեազբեկյանը, Աշոտ Ղանթարջյանը: Ներկայացման բեմադրիչն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը:
Դեկտեմբերի 8–ին Հայաստանի գլխավոր թատրոնում տեղի կունենա «Գալա համերգ»՝ Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի և Հայաստանի երիտասարդ օպերային երգիչների մասնակցությամբ: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ իտալական օպերաներից: Դիրիժորական վահանակի մոտ կլինի Ջանլուկա Մարչանոն (Իտալիա):
Դեկտեմբերի 12-ին կներկայացվի ֆրանսիացի կոմպոզիտոր Ա. Ադանի հանրահայտ ստեղծագործությունը՝ «Ժիզել» երկու գործողությամբ բալետը: Բեմադրությունը՝ Ժ. Կորալիի, Ժ. Պերոյի և Մ. Պետիպայի: Ներկայացումը վերականգնող բալետմայստերն է ՀՀ ժողովրդական արտիստ Վ. Գալստյանը: Ա. Ադանի դրամատիզմով հարուստ այս ստեղծագործության շնորհիվ բեմում ներկայացվում են շքեղ տեսարաններ: Ներկայացումը հարուստ է ակնառու գործողություններով, նրբագեղությամբ և բալետային ինքնատիպ ձեռագրով: «Ժիզելը» ռոմանտիկական բալետի բարձրակետն է համարվում, որը համաշխարհային հեղինակավոր թատրոնների մշտական խաղացանկի ամենից պահանջված ներկայացումներից է:
Դեկտեմբերի 14-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան, որն արդեն 80 տարի է Հայաստանի գլխավոր թատրոնի հպարտությունն է և հայկական ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան: Մինչ ներկայացումը ճեմասրահներում կկազմակերպվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Անուշ» օպերայի բեմադրության 80-ամյակին նվիրված լուսանկարների ցուցադրություն, հանդիպումներ տարբեր տարիներին «Անուշ» օպերայում հանդես եկած արտիստների հետ, ինչպես նաև արխիվային բա ցառիկ նյութերի միջոցով հնարավորություն կլինի ծանոթանալու օպերայի պատմությանը:
Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի դեկտեմբերի 16-ին: «Տրավիատան» Ջ. Վերդիի լավագույն ստեղծագործություններից մեկն է, որը բեմադրության պահից մինչ օրս չի իջել օպերային թատրոնների բեմահարթակներից: Երևանի օպերային թատրոնում բեմադրվել է 1936 թվականին (դիրիժոր՝ Մ. Թավրիզյան, բեմադրիչ՝ Լ. Քալանթար):
Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի դեկտեմբերի 19–ին: Ներկայացման բեմադրիչն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչը: «Սպարտակ»-ը գրվել է 1954 թվականին, լիբրետոն՝ Նիկոլայ Վոլկովի։ Առաջին անգամ բալետը բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Մարիինյան թատրոնում։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը։ Դեկտեմբերի 25–ին Հայաստանի գլխավոր թատրոնում տեղի կունենա «Ամանորյա տոնական համերգ», որով էլ կ եզրափակվի 2015 թվականը: