Առավել քան 250 հայ երեխա իրենց աշխատանքներն են ներկայացրել «Չինաստանն իմ աչքերով» մրցույթ-ցուցահանդեսին
CultureԱվելի քան 250 հայ դպրոցական «Չինաստանն իմ աչքերով» մրցույթ-ցուցահանդեսին ներկայացրեցին իրենց պատկերացմամբ չինական մշակույթն ու ավանդույթները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի ազգային պատկերասրահի դահլիճներից մեկում ներկայացված «Չինաստանն իմ աչքերով» մրցույթ-ցուցահանդեսի լավագույն քսան աշխատանքների հաղթողները կպարգևատրվեն Ազգային ժողովում հատուկ միջոցառման շրջանակներում:
«Նկարել եմ սովորական կիմոնո հագած չինացու՝ իր տան մոտ կանգնած: Չինացիների մշակույթի մասին լսել էր, սակայն շատ բան չգիտեի: Իսկ չինարենի խմբակ հաճախելով՝ սկսել եմ սովորել ոչ միայն լեզուն, այլ նաև՝ ծանոթանալ այդ երկրի մշակույթին», - ասաց մրցույթ-ցուցահանդեսի մասնակից 11-ամյա Խաչատրյան Գագիկը:
Ցուցահանդեսին մասնակցել են Երևանի և մարզերի մոտ 30 դպրոցների աշակերտներ: Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրենը նշեց, որ նկարչական դպրոցներին չեն դիմել, որպեսզի բացառվի մասնագիտական մոտեցումը և մրցույթը լինի ավելի հանրային:
«Մրցույթի նպատակն է խթանել հայ երեխաների հետաքրքրությունը Չինաստանի և չինական մշակույթի նկատմամբ: Մենք առաջին անգամ ենք հանդես գալիս նման նախաձեռնությամբ: Երբ նախաձեռնելով այս ցուցահանդեսը, դիմեցինք դպրոցներին, մտահոգություն ունեինք, որ 50-60 նկարից ավել չենք հավաքի: Սակայն հաճելիորեն զարմացանք, երբ արդյունքում ցուցահանդեսին ներկայացվեց 250-ի չափ նկար», - ասաց Գոռ Սարգսյանը:
Երեխաների աշխատանքները գնահատելու են ժյուրիի կազմում ներկայացված Ազգային պատկերասրահի տարբեր երկրների բաժինների ղեկավարները, ինչպես նաև չինացի կալիգրաֆիայի մասնագետներ, ովքեր կընտրեն լավագույն քսան նկարները, ովքեր կընտրեն լավագույն քսան աշխատանքները: