Գալուստ Սահակյանը «Նոր Հայաստանը» համարում է ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական ուժ
SocietyԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձել է «Նոր Հայաստան» նախաձեռնության հանրահավաքին ու դրա ժամանակ հնչած կոչերին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը նախ ընդգծեց, որ նորմալ է վերաբերում հանրահավաք անցկացնելու գաղափարին, քանի որ հաջողվել է հասնել մի վիճակի, երբ մարդիկ կարողանում են իրենց տեսակետը ներկայացնել հասարակությանը՝ ինչպիսին էլ որ այն լինի:
«Այն, ինչ օրեն քի շրջանակում է, նորմալ ենք վերաբերում: Ընդ որում, ասեմ, որ սահմանադրական բարեփոխումները միտված են հենց նրան, որպեսզի քաղաքական ուժերը, հասարակությունը կարողանան մասնակցել կառավարման գործընթացին»,- նշեց Սահակյանը:
Դիտարկմանը, թե «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ հեղափոխությունը սկսված է, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Նրանք նաև հայտարարում էին, որ երկիշխանությունն է սկսվել, սակայն մենք այդ երկրորդ իշխանության իշխաններին չտեսանք»:
Հարցին, թե հնարավոր համարում է 2008թ. մարտի 1-ի դեպքերի կրկնությունը, ԱԺ նախագահը պատասխանեց, որ մարտի 1-ին հարթակում ավելի ամուր քաղաքական գործիչներ էին հավաքված: «Նրանք գիտեին, թե ինչպես սկսեն ու ինչ արդյունքներ ապահովեն, բայց այս ուժը ավելի շատ քաղաքացիական է, քան քաղաքական»,- ասաց Սահակյանը:
Նա անդրադարձավ նաև խոսակցություններին, թե դեկտեմբերի 1-ին իշխանությունները թույլ չեն տվել մարզերից մարդկանց մայրաքաղաք գալ, որպեսզի չկարողանան մասնակցել հանրահավաքին: Գալուստ Սահակյանը նկատեց, որ ամեն անգամ հանրահավաքներից առաջ նման խոսակցություններ են լինում, որոնք հիմնավոր չեն: «Ես հիշում եմ, որ 1988թ., երբ զորք էր կանգնած, մարդիկ միևնույնն է գալիս էին ու իրենց կարծիքն արտահայտում էին: Այնպես որ պետք չէ նման պատճառներ բերել: Ոչ էլ պետք է այս սահմանադրական փոփոխությունների գործընթացը կենաց ու մահու պայքար դարձնել, որովհետև եթե կընդ ունվեն սահմանադրական փոփոխությունները, ուրեմն՝ լավ, եթե չեն ընդունվի, ապա կյանքը դրանով չի վերջանում: Պարզապես որոշ մարդիկ փորձում են օգտագործել այս գործընթացն իրենց կրքերն ամբողջացնելու համար»,- հավելեց Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստան»-ի երթի ժամանակ գրանցված միջադեպին, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում էր ծաղիկներ դնել ՀՀԿ գրասենյակի մոտ՝ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ ավելի խորհրդանշական է, երբ այս կամ այն առիթով ծաղիկներ են դնում երկրների նախագահները, վարչապետերը և խորհրդարանների խոսնակները: