Հայաստանը մասնակցել է Բրազիլիայում անցկացվող «Հանուն խաղաղության և կարիքավորների հոգածության» ամենամյա տոնավաճառին
SocietyԲրազիլիայի Մանե Գարինչա Ազգային մարզադաշտում նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Բրազիլում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների 11-րդ ամենամյա տոնավաճառը՝«Հանուն խաղաղության և կարիքավորների հոգածության» խորագրի ներքո, որին մասնակցել է նաև Հայաստանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական տաղավարում ներկայացված են եղել ավանդական ձեռագործ խալիների նմուշներ, օբսիդիանից պատրաստված հուշանվերներ, Հայաստանի մասին պատմող տեսասկավառակներ, զբոսաշրջության հնարավորությունների մասին նյութեր, հայկական կոնյակ, ավանդական խոհանոցի ուտեստեղեն և այլն:
Բացման արարողությանը ներկա են եղել Բրազիլիայի նահանգապետ Ռոդրիգո Ռոլեմբերգն իր տիկնոջ հետ, արտգործնախարարության գլխավոր քարտուղար Սերժիո Դանեզին, պատգամավորներ, սենատորներ և այլ բարձրաստիճան հյուրեր:
Ըստ հաստատված ավանդույթի բարեգործական տոնավաճառի կազմակերպիչը` երկրում հավատարմագրված դեսպանների կանանց միությունը, որոշել էր տոնավաճառից գոյացած գումարը հանգանակել քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակներին, ինչպես նաև ծերանոցներին և մանկատներին: