Հայ աշակետները շարադրություններով հիշեցին ու պահանջեցին արդար հատուցում Ցեղասպանության համար
Society«Հիշում եմ և պահանջում» խորագրով շարադրությունների մրցույթի արդյունքում, որը 2015 թվականին դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայով անցկացված միջոցառումներից մեկն էր, ողջ հանրապետությունից 15 աշակերտներ արժանացան մրցանակներին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտի Ավրորա Մարդիգանյանի ցուցանմուշների սրահում կայացած միջոցառման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից աշակերտներն ստացան իրենց պատվոգրերն ու խրախուսական նվերները:
Նախարարի խոսքով` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից անմասն չի մնացել նաև կրթական համակարգը, իսկ շարադրությունների մրցույթը եզրափակում է ողջ տարին անցկացված միջոցառումների ցանկը:
«Մենք հանրակրթական համակարգի ուսումնական հասատատություններում ողջ տարվա ընթացքում անցկացրեցինք շատ կարևոր միջոցառումներ: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելող օտարերկրացիներն ու մեր հայրենակիցներն իրենց կրծքին կրում էին մեր աշակերտների պատրաստած անմոռուկները: Մենք բոլոր դպրոցներում անցկացրեցինք Համահայկական հռչակագրին նվիրված բաց դաս, որը ունիկալ պատմական փաստաթուղթ է: Դպրոցներում եղան բաց դասեր, որոնք նվիրված էին այլ ժողովուրդների ցեղասպանություններին` Հոլոքոստին, Ռուանդայի ցեղասպանությանը, սեյֆոյին և այլն, որովհետև մեր ցավ ը համամարդկային է, իսկ համամարդկային ցավը մերն է»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Նա շեշտեց պատվո պահակ նախաձեռնությունը, որի շրջանակում շուրջ մեկ ամիս տարբեր դպրոցների աշակերտներ, անկախ եղանակային պայմաններից, առավոտվանից մինչև երեկո հերթափոխով հսկել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ:
Անդրադառնալով շարադրությունների մրցույթին` Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին իրենց ստեղծագործական մտքի, անկեղծության, հայ մնալու դրսևորումների համար: «Մենք ստացել ենք 1000-ից ավելի շարադրություններ, նրանցից ընտրվել են 15 լավագույնները: Շատ բարդ էր ժյուրիի համար ընտրել լավագույնները, բոլորն էին լավը: Մեզ մնում էր հասկանալ կարևոր բան, թե որ շարադրություններն էին գրվել հենց աշակերտների կողմից և որտեղ էր իրականում ավարտվում ծնողական և ուսուցչական անհարկի միջամտության սահմանը: Մենք կարծեք կարողացանք գտնել լավ գրվա ծ ստեղծագործությունների մեջ ամենաանկեղծները: Կարծում եմ չենք սխալվել, որովհետև նայում եմ ձեր դեմքերին ու, չիմանալով ձեզ մինչ այսօր, կարծում եմ, որ այս ամենն իրականում ձեր գրչի ու մտքի շնորհն է»,-նշեց Արմեն Աշոտյանը:
Միջոցառման ընթացքում ընթերցվեցին հատվածներ հինգ շարադրություններից: «Երբ մենք տուն ենք կառուցում, տան հայացքն ուղղում ենք այնպես, որ հառնի Մասիսներին, որ տուն մտնելիս երևան, ելնելիս երևան, ընդմիշտ երևան: Մեր տան վճիտ ու լուսավառ հայացքը Արարատին է ուղղված, նրա առաստաղը խորունկ երկինքն է` մեր անցածների հոգու ջահերով լուսավառ: Ներսը մեր դարավոր պատմությունը, մեր հիշողությունը, մեր խաղաղ այսօրը, մեր Երևանը, մեր Հայաստանը, դուրսը` Սփյուռքը, աշխարհը և արդարության վերականգնման մեր պահանջը, որ պետք է մեզ ու աշխարհին: Մենք հիշում ենք ու պահանջում»… Սրանք Սյունիքի Քաջարան քաղաքի դպրոցներից մեկի աշակերտուհի Նելլի Հակոբյանի տողերն են, որոնք նա ամբողջացրել է շարադրության մեջ: «Մենք դպրոցում անցնում էինք Ցեղասպանության վերաբերյալ թեմաներ, որոշեցի մտածումներս, խոհերս արտահայտել այս ստեղծագործության մեջ»,-ասաց Նելլին` նշելով, որ շարադրությունը գրել է երկու օրում:
Միջոցառման ավարտին աշակերտներ, նրանց ուղեկցող ծնողներն ու ուսուցիչները շրջայց կատարեցին թանգարանում: