Հաշմանդամությունը չեմ սարքում դատավճիռ և փակվում տանը. Արև Մելքոնյան
SocietyԴեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Չնայած քաղաքը մատչելի դարձնելու փորձերին, միևնույն է, այսօր Հայաստանում մարդկանց այս խումբը բազմաթիվ դժվարությունների է հանդիպում: Դժվարությունները բազմաբնույթ են՝ սկսած միջավայրի անհարմարավետությունից մինչև մարդկանց մեջ եղած կարծրատիպերը:
Արևիկ Մելքոնյանը, ով տեղաշարժման դժվարություններ ունի ու հիմնականում սայլակից է օգտվում, նույնպես զերծ չի մնում այս խնդիրներից, սակայն դա չի խանգարում նրան դրսևորել իրեն կյանքի տարբեր ոլորտներում:
Արևիկին կարելի է տեսնել փողոցում զբոսնելիս՝ ընկերների հետ կամ մենակ, տարբեր միջոցառումների մասնակցելիս և այլն: Հասարակական-քաղաքական կյանքից ևս հետ չի մնում՝ մասնակցելով քննարկումների ու բողոքի ակցիաների՝ բարձրաձայնելով իրեն հուզող խնդիրները:
«Ի ուրախություն ինձ՝ ունեմ նվիրված և հոգատար ընկերներ, ովքեր չեն թողնում ոչ մի վայրկյան նեղվեմ անհարմարություններից: Իրականում, իմ տեսակն է այսպիսին, հաշմանդամությունը չեմ սարքում դատավճիռ և փակվում տանը, ակտիվ մասնակցում եմ հասարակական կյանքին և բարձրաձայնում բոլոր խնդիրների մասին»,- խոսելով իր առօրյայից՝ պատմում է Արևիկ Մելքոնյանը:

Դժվարությունների մասին
«Հիմնականում միջավայրային անմատչելիությունը և մի քիչ էլ մարդկային կարծրատիպերից եկած վերաբերմունքն են ստեղծում դժվարություններ: Տանից դուրս գալուց հետո առաջին դժվարությունը տրանսպորտն է, հիմնականում տաքսիով եմ երթևեկում, բայց ամեն վարորդ չէ, որ համաձայնում է սայլակ տեղափոխել: Չնայած կան թեքահարթակներ, որ «բորդյուրների» պես բարձր են, հաջորդ դժվարությունը որևէ ժամանցի վայր այցելելն է, շատ քիչ են այնպիսի տեղերը, որոնք թեքահարթակով են, կամ զրոյական մուտքով»:
Էական փոփոխությունները կամ դրանց բացակայությունը
Անդրադառնալով մեր դիտարկմանը, թե Երևանում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել՝ ուղղված ավելի հարմարավետ ու մատչելի քաղաքի ստեղծմանը, մեր զրուցակիցն ասաց. «Էական փոփոխություն չի կարելի համարել Երևանի փոքր կենտրոնում մայթերի թեքահարթակների հարմարեցումը: Հայաստանը , առավել ևս Երևանը, չեն սահմանափակվում փոքր կենտրոնով: Այո, կան այդ փոփոխություններ՝ ստանդարտներին համապատասխան թեքահարթակների կառուցում որոշ մայթերին: Կա նաև փոփոխություն մարդկանց վերաբերմունքի մեջ, բայց դա անվանում են հանդուրժողականություն, որն ինչ-որ բացասական տարրի հետ եմ ասոցացնում»:

Հանդուրժողականության մասին
Ոչ հաշմանդամ անձին վերաբերվում են ուղղակի, որպես մարդ և վերջ, իսկ հաշմանդամություն ունեցող անձին, երբ ասում են՝ վերաբերվեք հանդուժողականությամբ, նշանակում է՝ մի կերպ տարեք նրանց ներկայությունը ձեր շրջապատում կամ խղճահարության հիմք են դնում վերաբերմունքի մեջ, ինչը ևս կարծրատիպ է:
Եթե ունենայինք մատչելի քաղաք
Շատ տեղեր կգնայի՝ արվեստի կենտրոններ, գրադարաններ, թատրոններ, դժվար է ասել՝ առաջինը ուր կգնայի ...
Ի՞նչ պետք է անի կառավարությունը
Ամեն ինչ ավելի քան պարզ է: Գոյություն ունի ՄԱԿ-ի կոնվենցիա, գոյություն ունեն մարդու հիմնարար իրավունքներ և ազատություններ, և գոյություն ունեն միջազգային չափանիշներ, պետք է պարզապես ուղղորդվել և կիրառել ամեն ինչ օրենքի և ստանդարտների սահմաններում: Իսկ վերաբերմունքի հարցում կառավարության կողմից ինչ-որ բան անելու կարիք չկա: Երբ ամեն ինչ շուրջը հարմար լինի, հաշմանդամություն ունեցող անձիք ավելի շատ կլինեն հասարակական վայրերում, մարդիկ էլ կհասկանան, որ դա ո´չ վարակովի է, ո´չ «բոբո» ու չի էլ «կծում», ուղղակի մենք էլ այս առանձնահատկությունն ունենք:
Անժելա Պողոսյան