Մարդիկ հոգնել են անվերջ պարտություններից
AnalysisԺիրայր Սեֆիլյանի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված երեկվա կոչին Փաշինյանի պատասխանը սպասելի էր, և այն չուշացավ: Չանդրադառնալով պատասխանի ողջ բովանդակությանը՝ բավական է ընդամենը մեջբերել «Մենք մարդկանց չենք տանում պարտության» արտահայտությունը, որով արդեն ամեն ինչ ասված է: Այո, իսկապես, մարդիկ հոգնել են անվերջ պարտություններից, անընդհատ կրկնվող նույն սցենարներից: Եկեք հետադարձ հայացք նետենք Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում ծավալված ընդդիմադիր պայքարներին և կտեսնենք, որ սա արդեն մի հոգնեցնող ցիկլ է: 1995-ին և 2005-ին կեղծվեց հանրաքվեն, ընդդիմությունը ճնշվեց, 1996-ին, 1998-ին, 2003-ին, 2008-ին և 2013-ին կեղծվեցին նախագահական ընտրությունները, ընդդիմությունը նորից ճնշվեց:
Մի՞թե սա մտածելու տեղիք չի տալիս և թույլ չի տալիս եզրահանգումներ անել, որ ընդդիմադիր պայքարի ընտրված ֆորմատի մեջ միգուցե ինչ-որ բան սխալ է, ինչ-որ բան փոխել է պետք: Մարդը պետք է կարողանա սեփական սխալներից դասեր քաղել և չկրկնել դրանք, սակայն մեր արմատական ընդդիմությունը կարծես թե համառորեն չի ուզում այդ դասերը քաղել, կամ էլ միգուցե այլ նպատակներ է հետապնդում, օրինակ (որքան էլ զավեշտալի հնչի՝ իր գործողություններով բարձրացնել ՀՀԿ-ի վարկանիշը):
Այս ընդհանուր ֆոնի վրա, անշուշտ դրական է, որ որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր և գործիչներ կատարեցին ճիշտ հաշվարկներ և որդեգրեցին պայքարի այլ ուղղություն, և բնական է, որ ընդդիմադիր հայացքներ ունեցողների մի զգալի մասը նույնպես հետևեցին այդ ուղղությունն ընտրած գործիչներին: Դա էլ արդեն երևում է այսօրվա «բազմամարդ» հանրահավաքների իրական բազմամարդությունից, որ որքան էլ հանրահավաքների կազմակերպիչներն իրենց միջոցառումները «միլիոնանոց» անվանեն, միևնույն է՝ ակնհայտ է, որ այդ միջոցառումներին մարդկանց թիվը գնալով նվազում է: Մարդիկ ուղղակի հոգնել են, հոգնել են պարտվելուց, ևս մեկ անգամ հիասթափվելուց, մարդիկ հաղթել են ուզում, իրենց նպատակներին հասնել են ուզում:
Կարեն Վարդանյան