ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքների ցուցահանդես-վաճառք
SocietyՀաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպության հանրային տեղեկատվության վարչությունը ՀՀ հաշմանդամների «Փյունիկ» միության հետ համատեղ կազմակերպել է արդեն ավանդական «Փյունիկ» միության և Երևանի «Ջերմիկ անկյուն» ՀԿ-ների սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, ցուցահանդեսի նպատակն է հանրության ուշադրությունը մեկ անգամ ևս սևեռել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերին և ներկայացնել այն ներուժը, որը կարող է դրսևորվել հավասար հնարավորություններ ստեղծելու դեպքում: Միջոցառման սկիզբն ազդարարել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության գործող ղեկավար Արմինե Հալաջյանը, ով ընդգծել է սույն թվականի սեպտեմբերին ընդունված Կայուն զարգացման 17 նպատակներից երեքո ւմ նշված այն թիրախները, որոնք անմիջապես վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց:
Այդ նպատակները առնչվում են ներառական ու որակյալ կրթության, բոլորի համար հավասար ու արժանապատիվ աշխատանքի և քաղաքները ներառական ու դիմակայուն դարձնելուն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին ՀՀ օրենքի նախագծին: Նա ընդգծել է, որ 2016 թվականը ՀՀ կառավարության որոշումով հայտարարվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի:
«Save the Children» կազմակերպության «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի տնօրեն Ջինա Սարկիսովան նշել է. «2015թ նոյեմբեր - դեկտեմբեր ամիսներին «Save the Children»-ը իր գործընկեր կազմակերպությունների հետ, որոնց շահառուներից նաև «Փյունիկ»-ը, անցկացնում է «Խտրականությունը ՉԻ՛ աշխատում» խորագրով քարոզարշավը»: Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը ընդգծել է. «Օրվա խորհուրդն այն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են: Մենք պետք է սևեռենք մեր ուշադրությունը ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց անկարողությունների, այլ կարողությունների վրա և պետք է ստեղծենք հավասար հնարավորություններ հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրման համար։ Ու այսօր այստեղ ցուցադրված են մեր այն անդամների ձեռային աշխատանքները, ովքեր ներառված են «Save the Children»-ի նշված ծրագրում»:
Համաձայն Ընդհանուր վեհաժողովի 1992 թվականի հոկտեմբերի 14-ին ընդունած 47/3 բանաձևի՝ ամբողջ աշխարհում Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը ամեն տարի նշվում է դեկտեմբերի 3-ին: Այն խթանում է իրազեկվածությունն ու մոբիլիզացնում է ջանքերը այն առանցքային խնդիրների շուրջ, որ վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությանը հասարակության ու զարգացման մեջ: