Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումները Հայաստանին ոչ մի լավ բանի չեն հանգեցնի. Լեռնիկ Ալեքսանյան
InterviewՌուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը հայ հասարակությանն ինչ-որ չափով ոգեւորեց, սակայն, ինչպես նշում են պատմաբանները, ոգեւորությունն անտեղի է, քանի որ պատմությունը կրկնվել է սիրում, իսկ ըստ պատմական փաստերի՝ հայ ժողովուրդը երբեք էլ չի շահել ռուս-թուրքական հարաբերությունների սրումից:
Նույն տեսակետին է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, ով Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց. «Սա բավական լուրջ եւ նուրբ հարց է այն առումով, որ եթե ռուս-թուրքական հարաբերությունները սրվեն մինչեւ պատերազմի աստիճանի, ապա դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
Ես կարծում եմ, որ ռուսների ու թուրքերի ե´ւ շատ մտերմությունը, ե´ւ լարումները վտանգավոր են հայերի համար: Իհարկե, հնարավոր են իրավիճակներ, որ հարաբերությունների սրացումներից օգուտ քաղենք, բայց այստեղ շատ մեծ վտանգ կա գործիք դառնալու, որը, միանշանակ, շատ բացասական հետեւանքներով է լի:
Խոշոր հաշվով, վտանգներն ավելի մեծ են, քանի որ ռուսական բազան գտնվում է Հայաստանում»:
Խոսելով ՀՀ նախագահի վարած արտաքին քաղաքականության մասին՝ Լ.Ալեքսանյանն ասաց. «Ես կարծում եմ, որ մեր իշխանություններն ու երկրի նախագահը շատ լավ են պատկերացնում իրավիճակը եւ նրա կողմից մինչ օրս վարված քաղաքականությունը տեղին է: Հայկական դիվանագիտությունն անելիքներ ունի եւ իր անելիքը գիտի, իսկ հարաբերությունների սրումը մեզ հաստատ օգուտ չի բերի, դա պատմությունն է ցույց տվել»:
«Չեմ կարծում, որ ամեն ինչ զինված կոնֆլիկտի կհասնի, քանի որ այստեղ Արեւմուտք-Ռուսաստան խնդիրն է, բայց կան նաեւ խորը հարցեր՝ կապված ԻՊ-ի հետ, եւ Թուրքիան այս դեպքում խաղ է վարում ու հնարավոր է, որ խաղերը շարունակվեն: Պատժամիջոցներն ու այլ խնդիրները կշարունակվեն քանի դեռ ահաբեկչության հետ կապված խնդիրները չեն լուծվել»,- հավելեց նա:
Սոսե Չանդոյան