Կաթողիկոսն ընդունել է ռուս մտավորականների պատվիրակությանը
SocietyԳարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած ռուս մտավորականների ներկայացուցչական պատվիրակությանը` ուղեկցությամբ գրող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանի: Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանն անդրադառնալով հայ և ռուս ժողովուրդների միջև ձևավորված պատմական սերտ կապերին` Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ դրանք դարավոր խորք ունեն և մշտապես հատկանշված են եղել ջերմությամբ և եղբայրական սիրով: Գարեգին Բ Հայրապետը փաստել է, որ «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչության կողմից Զորի Բալայանի ստեղծագործությունների ութ հատորյակի լույսընծայմամբ Ռուսաստանի ժողովուրդը նորովի հաղորդ ու մասնակից կդառնա հայ ժողովրդի մաքառումներին և նվիրական իղձերին:
Ամենայն Հայոց կաթողիկոսը հույս է հայտնել, որ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, նաև շնորհիվ նման այցերի և գործակցության, անխաթար կերպով կշարունակվեն զորանալ և ամրանալ` նրանց առաջնորդելով դեպի նոր ձեռքբերումներ, դեպի դարեր ու հազարամյակներ:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել տիար Զորի Բալայանին` հայ ժողովրդին, հայրենիքին և եկեղեցուն բերած նրա նվիրյալ ծառայության համար:
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: