Արտեմ Ասատրյանը կարևորում է այլընտրանքային սոցիալական ծառայությունների համակարգերի ձևավորումը
SocietyՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է Երեխաների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ խորհրդական, դեսպան Սյուզան Ջեկոբսի ղեկավարած պատվիրակությանը; Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արտեմ Ասատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների համագործակցությունը, մասնավորապես, սոցիալական պաշտպանության ոլորտում: Նախարարը նշել է, որ վերջին 20 տարիների ընթացքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հիմնական և շատ կարևոր գործընկեր է. «Շատ կարևորում եմ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված համատեղ ծրագրերը, քանի որ կայուն համագործակցության շնորհիվ բարեփոխումների ողջ ընթացքում մենք հաղորդակից ենք եղել ոլորտում ունեցած ձեր լավագույն փորձին»:
Դեսպան Սյուզան Ջեքոբսն իր հերթին նշել է, որ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև շատ լավ համագործակցություն է ձևավորված՝ հատկապես երեխաների պաշտպանության ոլորտում: «Այն հանգամանքը, որ ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանը նախանշվել է որպես առաջնային երկիր, որի հետ աշխատելու ենք երեխաների բարօրության հարցերի շուրջ՝ դա հատկապես կօգնի այս ոլորտում համատեղ աշխատանքները ամրապնդելու գործում»,-ընդգծել է տիկին Ջեքոբսը: Նրա խոսքով, ՀՀ կառավարության կողմից ցուցաբերած պատրաստակամությունը խթան է հանդիսացել համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումները: Այս առումով նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է այլընտրանքային սոցիալական ծառայությունների համակարգերի ձևավորումն ու զարգացումը, որը թույլ կտա սոցիալական պատճառներով հաստատությունում հայտնված երեխաներին ապրել ընտանիքում և ստանալ համապատասխան սոցիալական ծառայություններ:
Այս գործընթացներում նախարարը կարևորել է նաև սոցիալական աշխատողի ինստիտուտը, մասնավորապես, դեպքի վարումը, ընտանիքի կարիքի գնահատումը և ըստ դրա՝ համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրումը: «Այս համատեքստում պետք է ընդգծեմ սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացումը, որտեղ արդեն կարող ենք արձանագրել առարկայական քայլեր և որի կայացումը թույլ կտա սոցիալական վարչարարությունից անցում կատարել իրական սոցիալական աշխատանքի մարդու հետ»,- ընդգծել է նախարարը:
Հանդիպման ավարտին դեպան Սյուզան Ջեքոբսը բարձր է գնահատել կատարված աշխատանքները՝ նշելով, որ երեխաների պաշտպանության ոլորտում բարեփոխումները բավական բարդ գործընթաց է և վստահեցրել է, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է համագործակցել և աջակցել բարեփոխման ընթացքին: