Երևանն այսուհետ ունի գեղասահքի ու տափօղակով հոկեյի բարձրակարգ մարզադպրոց
SocietyԳեղասահքի և տափօղակով հոկեյի սիրահարներն այսուհետ հնարավորություևն կունենան մարզվել բարձրակարգ մարզադպրոցում:Երևանում տեղի ունեցավ Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությունը, որին մասնակցեց նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նորաբաց մարզադպրոցի տնօրեն Մելինե Ավագյանը լրագ րողների հետ զրույցում ընդգծեց, որ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մարզադպրոցը երկար տարիներ չի ունեցել իր սահադաշտը:
«Գեղասահորդները պարապել են պարուսուցման դահլիճում, իսկ հոկեյիստները` բակում: Սակայն այս պայմանները չէին խանգարում, որպեսզի մարզադպրոցը շարունակեր իր գործունեությունը: Այս հարցում շատ կարևոր էր մեր մարզիչների, Երևանի քաղաքապետարանի, մարզադպրոցում պարապող երեխաների ու նրանց ծնողների դերը: Չնայած նրան, որ մինչ այս պահը դպրոցում սահադաշտ չի եղել`սաների պակաս չի եղել, և հիմա մենք 180 երեխա ունենք: Եթե այն ժամանակ մենք մարզադպրոցը պահպանելու խնդիր ունեինք, ապա հիմա մեր խնդիրն այն զարգացնելն է, որովհետև արդեն մենք ունենք միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ մարզադպրոց»,- Արմենպրեսի հաղորդմամբ` նշեց Ավագյանը:
Աշխարհահռչակ ռուս գեղասահորդ Իրինա Ռոդնինան լրագրողների հետ զրույցում կարևորեց Երևանում նման բարձրակարգ մարզադպրոց ունենալու գաղափարը` շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և բարերար Սերգեյ Համբարձումյանին` այդ գաղափարը շատ արագ կյանքի կոչելու համար: «Իսկ այն, որ մարզադպրոցը իմ անունով է անվանվել, կարծում եմ դա առաջին հերթին արդյունք է մեր երկրների բարեկամության և գեղասահքի այն ժառանգության, որը կա մեր երկրում: Ես շատ շնորհակալ եմ, որ իմ անունով առաջին մարզադպրոցը բացվել է ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանու մ»,- ընդգծեց Ռոդնինան»:
Ռոդնինան նշեց, որ մարզադպրոցում չի դասավանդելու, սակայն դասընթացներ ժամանակ առ ժամանակ կանցկացնի: «Դասավանդել չեմ կարող, որովհետև դրա համար ամեն օր պետք է լինեմ այստեղ, իսկ այդպես չեմ կարող: Այստեղ կլինեն նաև Ռուսաստանի և ԽՍՀՄ լավագույն մարզիչները: Մենք այստեղ կբերենք հայտնի ռուս գեղասահորդների, որոնք ցուցադրական ելույթներ կունենան, մարզադպրոցի սաների հետ կկիսվեն իրենց փորձով»,- հավելեց Ռոդնինան:
Դիտարկմանը, թե արդեն խոստացել է, որ մարզադպրոցն աշխարհի չեմպիոն է տալու, Ռոդնինան նկատեց, որ ավելի լավ է խոստումներից գործի անցնել: «Սկզբում հարկավոր է տեսնել, թե ինչ երեխաներ են սովորելու, հարկավոր է կազմել աշխատանքային պլան: Ես կարծում եմ, որ ասել, թե վաղը մենք չեմպիոն կունենանք, ճիշտ չէ: Իսկ այն ,որ այստեղ կան տաղանդավոր երեխաներ և նպատակամղված մարզիչներ, մենք շուտով արդյունքները կտեսնենք»,- ասաց նա: