Երևանը համալրվեց ևս մեկ կինոթատրոնով
CultureՀայաստանում առաջին անգամ կինոյի սիրահարները հնարավորություն կունենան դիտել իրենց սիրած ֆիլմերը բարձրորակ 4K ULTRA HD որակի էկրաններով: Մայրաքաղաքի «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում տեղի ունեցավ «Կինոպարկ» կինոթատրոնի բացման արարողությունը: «Կինոպարկ» կինոթատրոնի տնօրեն Վազգեն Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ընդծեց, որ իրենք Հայաստանում առաջինն են, որ ներկայացնում են 4K ULTRA HD պատկեր: «Սա շատ կարևոր է, որովհետև այսօր արդեն կինոարտադրության ոլորտը գնում է նրան, որ նկարահանվում են այդ որակի ֆիլմեր, իսկ առանց որակի կորստի այդ ֆիլմերը կարելի է դիտել, եթե տեխնոլոգիական հնարավորությունները դա թույլ են տալիս: Մեր հնարավորությունները դա թույլ են տալիս»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ընդգծեց Սաղաթելյանը:
Նա հավելեց, որ իրենք ցանկանում են ունենալ լայն կինոցանկ, որպեսզի կարողանան գրավել տարբեր ժանրի ֆիլմերի սիրահարներին: «Ես համոզված եմ, որ ցանկացած կինոսիրող այստեղ կկարողանա գտնել իր ֆիլմը: Այսօր մենք մեկնարկելու ենք 6 ֆիլմերով, իսկ առաջինը կլինի «Ծովի սրտում» ֆիլմը»,- հայտնեց նա:
«Երևան մոլ»-ի մարքետինգի գծով տնօրեն Շուշան Ավակիմյանը նշեց, որ իրենց համար մարտահրավեր է լինել Հայաստանում ոչ առաջին կինոթատրոնը, սակայն հավակնում են լինել առաջինը ոչ միայն Հայաստանում, այլ տարածաշրջանում: «Մեր կինոթատրոնն ունի մի շարք առավելություններ Հայաստանում գործող մյուս կինոթատրոններից: Այսօր մենք կինոդիտողին առաջարկում ենք 4K ULTRA HD էկրաններ, որոնք լավագույնն են Հայաստանում և միակն են: 2016թ. առաջին երեք ամիսների ընթացքում մեր հաճախորդները կկարողանան առանց կինոթատրոն այցելելու ամրագրել տոմսերը և ձեռք բերել դրանք օնլայն տարբերակով»,- եզրափակեց Շուշան Ավակիմյանը: