Ոստիկանությունն ուսումնասիրում է խախտումների վերաբերյալ 31 ահազանգ
SocietyՀՀ ոստիկանությունը ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացի վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներից ստացել է 4 ահազանգ, իսկ սեփական ուսումնասիրությունների արդյունքում դիտարկման է առել ևս 27 ահազանգ, որոնք ստացվել են ԶԼՄ-ների հրապարակումներից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանը` նշելով, որ տվյալները ժամը 11:00-ի դրությամբ են:
«Ըստ այդ ահազանգերի` 5-ը քվեարկելու ուղղորդելու դեպքերն են, 4-ը` լրագրողական աշխատանքի, 4-ը դիտորդական գործունեության խոչընդոտման, 3-ը ընտրակաշառքի»,- ասաց պաշտոնյան` ավելացնելով, որ ներկայում ստուգումներ են կատարվում:
Նրա տեղեկացմամբ` մինչև դեկտեմբերի 6-ը ոստիկանությունում ստացվել են զանգվածային լրատվության միջոցներից 25 ահազանգ, դրանք հիմնականում հրապարակումներն են, դրանցից 7-ը վերաբերել են ընտրակաշառքներին, 9-ը` ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը` հանրահավաքը կամ քարոզարշավը խոչընդոտելուն, 1-ը ընտրացուցակների անճշտությանը, 1-ը կողմերի միջև ընդհարմանը, 1-ն էլ ընտրողների թվաքանակին:
«Հիշյալներից երեքի դեպքում կայացվել է քրեական գործերի հարուցումը մերժելու որոշում, 1-ը քննարկման համար ներկայացվել է վարչություն, 17 դեպքով այս պահին քննություն է կատարվում, 3-ը ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու վարչություն, 1-ն էլ Սյունիքի քննչական վարչություն»,-տեղեկացրեց Մերուժան Հակոբյանը:
Դեկտեմբերին 6-ին ընթանում է ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ժամը 11:00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է 201 հազար 259 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 7.84 տոկոսը: