ՀՀ Ոստիկանությունն արձագանքել է թիվ 5/16, 7/33, 10/09 եւ 09/17 ընտրատեղամասերից ստացված ահազանգերին
SocietyԴեկտեմբերի 6-ին, ժամը 10.40-ին, «Tert.am» կայքէջում հոդված է զետեղվել, որ Դավիթաշենի թիվ 5/16 ընտրական տեղամասում արձանագրվել է դիտորդի, ԶԼՄ-ի ներկայացուցչի, վստահված անձի իրավունքների, աշխատանքների խոչընդոտում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնել է արագ արձագանքման օպերատիվ խումբը: Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.29-ին, «News.am» կայքէջում հոդված է զետեղվել, որ «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, թե թիվ 7/33 տեղամասի դիմաց կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայում քաղաքացիներին գումար են բաժանել: Մեկնել է արագ արձագանքման օպերատիվ խումբը: Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության շտաբից Կենտրոնականի բաժին տեղեկանք է ուղարկվել, որ թիվ 10/09 տեղամասից ահազանգ է ստացվել, թե ինչ-որ մեկը ՀՀԿ անդամության վկայականով ընտրողներին տարել-բերել է տեղամաս` քվեարկելու, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդին խոչընդոտել են լուսանկարել: Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության շտաբից Կենտրոնականի բաժնում տեղեկանք է ստացվել, որ «NEWSLine.am»-ի տեղեկություններով` թիվ 09/17 ընտրատեղամասում կորել է հանձնաժողովի ՀՅԴ անդամ Սոնա Փարսադանյանի անձնական կնիքը: Ընտրական հանձնաժողովի նախագահ Արմինե Մանուկյանի հավաստմամբ` առավոտյան բոլոր կնիքները տեղում են եղել, սակայն այս պահին կնիքը չկա: Կանգնեցվել է ընտրողների շարժը, սկսել են փնտրել կնիքը: Կես ժամ անց կնիքը հայտնաբերվել է աղբամանի մեջ: Կատարվում է քննություն: