Նոյեմբերին սպառողական գներն աճել են 0.6 տոկոսով
EconomicsԱյս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.6 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 1.7 տոկոս գնաճով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.5 տոկոսով, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4 տոկոս գնանկում, իսկ ծառայությունների ոլորտում սակագների մակարդակը մնացել է անփոփոխ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2015թ. նոյեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.2 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 93.9 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.3 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 101.2 տոկոս:
2015թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1 տոկոս հավելաճ):
2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.2 տոկոս, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 98.7 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 104.5 տոկոս, ծառայությունների սակագներինը` 101.9 տոկոս, իսկ հունվար-նոյեմբերին 2014թ. հունվար-նոյեմբերի համեմատ, համապատասխանաբար, 104.1 տոկոս, 103.6 տոկոս, 105.8 տոկոս և 102.9 տոկոս:
Հանրապետության դիտարկվող բոլոր 11 քաղաքներում 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.0 տոկոս-ով, այդ թվում` գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի և Աշտարակ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գները նախորդ ամսվա համեմատ աճել են 0.7 տոկոսով: