Հայաստանում արդար ընտրություններ հնարավոր են, եթե ընդդիմությունը վերահսկի ամբողջ պրոցեսը
AnalysisՈւ նորից սկսվեց նույնը՝ «հանցավոր իշխանությունները խլեցին մեր ձայները», «ընտրությունները կեղծված են», «մենք հաղթեցինք, բայց նրանք խլեցին մեր հաղթանակը» ու նմանատիպ հարյուրավոր սրտաճմլիկ գրառումներ ու ելույթներ, որոնք եթե նույնիսկ 10 անգամ էլ շատանան ու ավելի էմոցիոնալ դառնան, միևնույն է՝ ձեր կորցրած հաղթանակը չեն վերադարձնի, հարգելի' ընդդիմադիրներ:
Ասում եք՝ կեղծե՞լ են, գողացե՞լ են քվեները: Չթողնեիք: Հիմա կասեք, թե չէիք կարող: Ո'չ, կարող էիք, և որոշ տեղերում կարողացաք ու չթողեցիք: Շիրակի մարզը՝ պարզ օրինակ. որևէ մեկը կարո՞ղ է հերքել, որ Շիրակի մարզում ամեն ինչ արդար է եղել: «Ոչ»-ի կողմնակիցները ակնհայտորեն ավելի շատ են եղել, և «Ոչ»-ը այնտեղ հաղթել է, ու ոչ ոք չի կարողացել կեղծիքներ անել, լցոնում անել: Չի կարողացել ոչ թե նրա համար, որ չի ուզեցել, այլ որովհետև չեն թողել: Շիրակի մարզում բոլոր տեղամասերում ընդդիմությունը ներկայացուցիչներ է ունեցել, որոնք պատշաճ ձևով վերահսկել են, իշխանության ներկայացուցիչների հետ գործարքների մեջ չեն մտել, համարձակ են եղել, և արդյունքում մի մարզում ունենք փաստացի արդար ընտրություններ:
Այսինքն, բանալին գտնված է՝ Հայաստանում արդար ընտրություններ հնարավոր են, եթե ընդդիմությունը վերահսկի ամբողջ պրոցեսը:
Մյուս տեղերում այդ մակարդակի վերահսկողություն չի եղել, հանրապետության բազմաթիվ ընտրատեղամասերում, հարգելի ընդդիմություն, դուք ընդհանրապես ներկայացուցիչներ չեք ունեցել: Դրա փոխարեն դուք պարբերաբար հանրահավաքներ ու ակցիաներ եք արել, ազդարարել ռեժիմի խուճապի, ռեժիմի հոգեվարքի, ձեր հաղթած լինելու մասին, և էլի եք անում ու անելու եք, վատնելու եք ձեր ռեսուրսներն այն դեպքում, երբ հաղթանակի բանալին ձեր ձեռքում էր:
Յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր իսկ սխալներից դասեր քաղելու: Ընտրություններ դեռ էլի կլինեն, առջևում 2017-ն է, և այս հանրաքվեն հիանալի փորձ կարող է լինել ընդդիմության համար՝ 2017-ի ընտրություններին պատրաստվելիս:
Փաստացի կա մարզային մասշտաբով փոքր հաղթանակի մի օրինակ: Մնում է հասկանալ, թե ինչու՞ կեղծեցին մյուս տեղերում և չկարողացան կեղծել Շիրակի մարզում, ի՞նչ արդյունավետ մեթոդներ կիրառվեցին և այդ մեթոդները կիրառել 2017-ին արդեն բոլոր ընտրատարածքներում: Իսկ ավելի պարզ լեզվով ասած՝ ընդամենը պետք է ընտրատեղամասերի համար անհրաժեշտ մարդկանց քանակություն հավաքել և այդ մարդկանց հետ համապատասխան աշխատանքներ տանել: Դա հաստատ ավելի արդյունավետ կլինի, քան փողոցում «Սերժիկ, հեռացիր» գոռալը ու հետո գնալ տուն հանգստանալը:
Մեխանիզմը պարզ է. այն ընդդիմադիր ուժերը, որոնք կընտրեն ճիշտ մարտավարությունը, կշահեն, իսկ որոնք, պարտված վիճակում լինելով հանդերձ, կշարունակեն ռեժիմին «խուճապահար» անել, այդպես էլ միշտ կբավարարվեն ընդամենը «խուճապահար» անելով:
Ընտրությունը ձերն է:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան