Ստեփանակերտում մեկնարկել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները
SocietyՍտեփանակերտում ակտիվորեն ընթանում են քաղաքի փողոցների ամանորյա ձևավորման ու զարդարման աշխատանքները: Մի շարք փողոցներում տեղադրվել են տոնական վահանակներ, ինչպես նաև լուսային էֆեկտներ, իսկ քաղաքի կենտրոնական` Վերածննդի հրապարակում, դեկտեմբերի 8-ին մեկնարկել են նաև հանրապետության գլխավոր տոնածառի տեղադրման և զարդարման աշխատանքները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Կարինե Հարությունյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ մայրաքաղաքի լուսային ձևավորման աշխատանքներին ու լուսային էֆեկտների տրամադրման հարցում այս տարի նույնպես աջակցել է Երևանի քաղաքապետարանը։
Կարինե Հարությունյանի խոսքով, հանրապետության գլխավոր տոնածառի բացման արարողությունը նախատեսվում է դեկտեմբերի 22-ին, իսկ տոնական հիմնական միջոցառումները տեղի կունենան դեկտեմբերի 31-ին: «Դեկտեմբերի 31-ին՝ առավոտից, զարդարված մեքենայով Ստեփանակերտի փողոցներով ու թաղամասերով շրջայց կկատարեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր կշնորհավորեն փոքրիկներին՝ տրամադրելով նվերներ: Նախատեսվում է նաև 400 դպրոցահասակ ստեփանակերտցի երեխաների մասնակցությամբ կազմակերպել ամանորյա ֆլեշ մոբ, որը նորույթ է լինելու»,- ասել է Կարինե Հարությունյանը՝ հավ ելելով, որ երեկոյան Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու ամանորյա տոնական համերգ, որը եզրափակվելու է հրավառությամբ: