ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի նախագիծը քննարկվել է խմբակցություններում
EconomicsԴեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որը վարում էր խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, օրակարգում «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի քննարկումն էր, որին ներկա էր ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը:
«Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է, որ խմբակցությունը պաշտպանում է բյուջեի նախագծի հայեցակարգը և ընդունված կարգով ու ժամկետում առաջարկություններ է ներկայացնելու գլխավոր ֆինանսական փաստաթղթի առնչությամբ:
Օրվա երկրորդ կեսին, համաձայն ժամանակացույցի, տեղի ունեցքավ «Շարժում-88» խմբակցության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որը վարում էր խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը:
Քննարկվող թեման կրկին «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն էր:
«Շարժում-88» խմբակցության անդամները ԼՂՀ ֆինանսների նախարար Ս. Թևոսյանին առաջադրեցին բյուջեի վերաբերյալ իրենց դիտարկումները և նշեցին, որ առավել մանրամասն դրանք կներկայացնեն գրավոր տեսքով: