Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնը Երևանում ներկայացրեց «Սրճարան «Կյանքը վարդագույն լույսի ներքո»-ն
CultureՍիրված դերասան և բեմադրիչ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած մոսկովյան դրամատիկական թատրոնը երևանյան բեմում ներկայացավ «Սրճարան «Կյանքը վարդագույն լույսի ներքո» (ըստ Լիոնել Գոլդշտեյնի) բեմադրությամբ: Դեկտեմբերի 8-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացումը ցուցադրեցին դերասաններ Ստանիսլավ Էվենտովը և Անատոլի Կոտը:
«Մենք այս ներկայացումը երկու տարի առաջ Գյումրիում ենք խաղացել: Արմեն Բորիոսովիչի թատրոնի ղեկավարությամբ Երևանում հյուրախաղերով ենք հանդես եկել, ծանոթ ենք հայ հանդիսատեսին: Վախ կար, որ արագ խոսքը, բարդ բառերը, որ մենք էլ ենք հազվադեպ օգտագործում, խնդիրներ կառաջացնեն: Շատ ուրախ էինք, որ ամեն ինչ լավ անցավ: Ներկայացումն արդեն 4 տարի խաղում ենք»,- նշեց Անատոլի Կոտը:
«Սրճարան «Կյանքը վարդագույն լույսի ներքո» ներկայացումը զվարճալի պատմություն ամուսնական գաղտնիքների մասին: Հանգուցյալ կնոջ ամուսինը և սիրեկանը հանդիպում են, և գործողությունները ծավալվում են անսպասելի կերպով: Պարզվում է, որ կինը տարին չորս անգամ հանդիպել է սիրեկանի հետ, կիսվել նրա հետ մտքերով, անգամ քաղաքականությունից խոսել.մինչդեռ ամուսինը վստահ է եղել, թե նա գաղափար անգամ չունի քաղաքականությունից:
Հարցին, թե ինչպես են տոնել Ջիգարխանյանի ղեկավարած մոսկովյան դրամատիկական թատրոնի ստեղծման 20-ամյակը, Ստանիսլավ Էվենտովը և Անատոլի Կոտը կատակով պատասխանեցին, թե հայկական կոնյակ են խմել:
«Աշխատանքի մեջ դիմավորեցինք: Ես համաձայն եմ Արմեն Ջիգարխանյանի թեզի հետ` կարևորն աշխատանքով ցույց տալն: Մենք այժմ շատ ներկայացումներ ունենք, զուգահեռաբար փորձեր ենք կատարում, ակտիվորեն աշխատում»,-ընդգծեց Անատոլի Կոտը: