Ռեժիմը խուճապի մեջ չի, ռեժիմը «տժժում» է
AnalysisՌեժիմից պրծանք, հիմա էլ, պարզվում է, Սերժ Սարգսյանն է խուճապի մեջ: Բա տեսնու՞մ եք, լրիվ խուճապահար երկիր ենք, նախագահից սկսած՝ բոլորը խուճապի մեջ են: Սա ես չեմ ասում, այլ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է այսօր ԱԺ-ում հայտարարել: Ու նորից այդ խուճապը...
Ես ուղղակի փորձում եմ հասկանալ՝ մեր ընդդիմությունը ևս քանի՞ անգամ պետք է ձախողվի, ևս քանի՞ ընտրություն պարտվի, ևս քանի՞ հազար մարդ հիասթափեցնի, որ վերջապես հասկանա, որ «խուճապային» այս մարտավարությունը երիցս դատապարտված է անհաջողության, որ դրա փոխարեն գործ է պետք անել, գործ:
2017-ի ԱԺ ընտրություններին այդքան էլ շատ չի մնացել, և այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստվում են մասնակցել, պետք է արդեն այսօրվանից սկսեն աշխատել, կենտրոնացնեն իրենց ուժերը, ավելացնեն ռեսուրսները, մարտավարություն մշակեն, որպեսզի 2017-ին ԱԺ-ում հնարավորինս շատ ներկայացուցիչներ ունենան: Իսկ դա հնարավոր է ճիշտ մարտավարության դեպքում, որքան էլ որ «խուճապի» սիրահարները դա չընդունեն: Այնինչ, նրանք այսօր շարունակում են «խուճապահար» անել ռեժիմին, Սերժ Սարգսյանին...
Հիմա մի փոքր այդ «խուճապ» ասվածի մասին: Ուրմեն, հարգելիներս, ասեմ, իմացեք՝ իրականում ռեժիմը խուճապի մեջ չէ, Սերժ Սարգսյանն էլ խուճապի մեջ չէ, ռեժիմը այսօր «տժժում» է բառիս բուն իմաստով, հանրաքվեի կեղծված արդյունքներն է տոնում: Այո, այո, հենց այդպես, հանրաքվեն կեղծել են, ընդ որում՝ ոչ պրոֆեսիոնալ ձևով, հերթական կեղծիքներով հաղթանակն են իրենց վերագրել ու հիմա տոնում են, մե խի~նդ, մե ուրախությու~ն...
Իսկ դուք ասում եք, թե խուճապ: Այդ որտե՞ղ եք դուք տեսնում այդ խուճապը, միգուցե հանրաքվեի օրը գիշերով արված «սալյուտների» մե՞ջ: Ցույց տվեք՝ մենք էլ տեսնենք:
Մի խոսքով, գործ արեք, հարգելի «խուճապասեր» ընդդիմադիրնե'ր, գործ արեք, որպեսզի 2017-ին չմնաք «խուճապի» մեջ:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան