Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ է կայացել Աթենքում
SocietyԴեկտեմբերի 7-ին Աթենքի Կոնստանդնուպոլսեցիների մշակութային կենտրոնում կայացել է անվանի հունահայ երաժիշտ-երգահան, կիթառահար Հակոբ Քոլանյանի մենահամերգը` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը կազմակերպվել էր Հույն-հայկական բարեկամության միության կողմից` Հունաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգի ընթացքում կատարվել են Կոմիտասի, Ալթունյանի և Սպենդիարյանի ստեղծագործությունները` Հակոբ Քոլանյանի մշակմամբ: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ունկնդրելու Հակոբ Քոլանյանի հեղինակային «Voices-1915» ստեղծագործությունը` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հնչել են նաև Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևանը» և Արամ Խաչատրյանի հանրահայտ վալսը «Դիմակահանդես» սյուիտից:
Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, Հույն-հայկական բարեկամության միության փոխնախագահ Յանիս Աթանասիադիսը և միության քարտուղար Անտոնիոս Պավլիդիսը, միության այլ անդամներ, հունահայ համայնքային կառույցների ղեկավարներ, գիտական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ: