Տուլայում ավտովթարից զոհված Հրաչիկ Բադալյանի նորածին որդուն անվանակոչել են հոր անունով
SocietyԳեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, այս տարվա նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի շրջանում տեղի ունեցած ավտովթարի զոհ դարձած Հրաչիկ Բադալյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել արու զավակ, ում արդեն կնքել են Հրաչիկ անունով: Ինչպես տեղեկացրեց Գեղամավանի գյուղապետ Մնացական Վարդանյանը, Հրաչիկի կինը` Ռիմա Սարիբեկյանը, ծննդաբերության էր տեղափոխվել Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն եւ գտնվում էր բժիշկների, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի ղեկավարների եւ առողջապահության պատասխանատուների հոգատարության ու ուշադրության ներքո:
«Հրաչիկ Բադալյանի երեխան լույս աշխարհ է եկել դժվարությամբ` կեսարյան հատումով: Բժիշկների եւ հարազատների հավաստմամբ` մայրն ու նորածինը իրենց լավ են զգում, հետծննդյան բարդություններ չեն առաջացել: Հրաչիկի կորուստը փարատելու համար որդեկորույս ծնողներն իրենց նորածին արու թոռանը կրկին տվել են Հրաչիկ անունը: Ողջ գյուղը, հարազատները ուրախ են այս ծննդյան ավետիսից, այն մտքից, որ չմարեց Հրաչիկի տան ծուխը»,-նշեց համայնքի ղեկավարը:
Արու թոռան լույս աշխարհ գալը անհուն վշտի դեմ գտնված սփոփանք է համարում նաեւ նորածնի պապը` Արտավազդ Բադալյանը: «Մեր անդառնալի կորստյան ու ծանր վշտի դեմ գտնվեց մի հրաշք` արու թոռան ծնունդը, ով արդեն կրում է անմեղ որդուս անունն ու հիշատակը: Իմ ու կնոջս ապրելիք կյանքի ամեն ակնթարթը կծառայեցնենք մեր թոռան, մեր ընտանիքի բարեկեցության, երջանկության համար, Հրաչիկիս աղջիկ երեխայի համար, հարսիս համար, որոնց հետ շարունակելու ենք ապրել նույն հարկի տակ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հրաչիկի հայրը` Արտավազդ Բադալյանը:
Տուլայի ողբերգության հետևանքով զոհված Հրաչիկ Բադալյանի քառասունքը լրանալու է մի քանի օրից:
Խոսրով Խլղաթյան