Կառավարությունը քաղաքական կամք ունի. իյա, իրո՞ք
AnalysisԱզգային ժողովն ի վերջո հաստատեց 2016թ. պետական բյուջեն, և լիագումար նիստում այդ կապակցությամբ ելույթ ունեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ամբողջ ելույթին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև այն հիմնականում կազմված էր ոչ հետաքրքիր նախադասություններից ու կապակցություններից, ինչպիսիք մենք բազմիցս լսել ենք նման ելույթներում: Ամենաուշագրավն այս ելույթում այն էր, որ վարչապետը ասաց, թե կառավարությունը քաղաքական կամք ունի: Պատկերացնում եք, չէ՞: Ակամայից մարդ ուզում է հարցնել՝ իյա, իրո՞ք:
Բայց, միգուցե, իսկապե՞ս ունի, պարզապես ես չեմ կարողանում այն ոչ մի կերպ նկատել: Լավ, եկեք տրամաբանորեն վերլուծենք՝ քաղաքական կամք ունեցող կառավարությունն իր գործունեության ընթացքում պետք է ակնհայտ առաջընթաց ցույց տար, այնպիսի արդյունքներ ցույց տար, որոնք մարդկանց համար տեսանելի պիտի լինեին, փոխեին մարդկանց կյանքի որակը: Ես, օրինակ՝ որքան էլ փորձում եմ գտնել այնպիսի դրական փոփոխություններ, որոնք եղել են այս կառավարության գործունեության արդյունքում, չեն կարողանում, միգուցե, դրանք ընդհանրապե՞ս չկան: Իհարկե, վերջին 9 ամիսների համար ներկայացվեց 3,5 տոկոս տնտեսական աճ, բայց ախր դա ընդամենը թիվ է, ի՞նչ է տալիս շարքային քաղաքացուն այդ թիվը. մեծ հաշվով՝ ոչինչ:
Գներն աճում են, աշխատավարձն ու թոշակները չեն բարձրանում: Հատկապես վերջին կետը շատ կարևոր է՝ «քաղաքական կամք ունեցող» կառավարությունը ներկայացրեց բյուջեի նախագիծ, որով աշխատավարձերի ու թոշակների բարձրացում նախատեսված չէ, սակայն գնաճի կանխելու խոսք էլ չի տրվում, հետևաբար, քաղաքացիների սոցիալական վիճակը չի մնալու նույնը, այլ վատանալու է: Բա էլ ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը, ի՞նչ կամքի:
Մի պարզ օրինակ էլ ներկայացնեմ, ինքներդ կարող եք մոտ ապագայում ստուգել, տեսնել և ես շատ ուրախ կլինեմ, եթե պարզվի, որ այդ մի դեպքում սխալվում եմ: Դեռ ոչ հեռավոր անցյալում կառավարությունը հայտարարել էր, որ հանձնարարել է ՏՄՊՊՀ-ին աչալուրջ լինել, որպեսզի Ամանորին ընդառաջ արհեստական գնաճ չլինի: Ժամանակը մոտենում է, և մենք հիանալի հնարավորություն կունենանք տեսնելու, թե որքան է կառավարության կամքը:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան