Հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների համաճարակային իրավիճակը հանգիստ է
SocietyԱռողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, եվրոպական տարածաշրջանի երկրներում 2015 թվականի 48-րդ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 23-29-ին, գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համապատասխանել է տվյալ ժամանակահատվածի օրինաչափ ընթացքին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նույն կազմակերպության պաշտոնական տվյալներով, եվրոպական 40 երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, հիվանդացության ակտիվությունը նշված հիվանդություններով գտնվում է ցածր մակարդակի վրա՝ գրիպի վիրուսների եզակի դեպքերի արձանագրմամբ:
Գրիպի տեսակներ և ենթատեսակներ, մասնավորապես, գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ (խոզի գրիպ), Ա H3N2 ենթատեսակները և Բ տեսակն արձանագրվել են ինչպես գրիպի դետքային, այնպես էլ պոպուլյացիոն համաճարակաբանական հսկողության մեջ ընդգրկված բժշկական հաստատություններում, այն էլ միայն 10 երկրներում: Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում:
Գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակն (խոզի գրիպ) այսօր առավել քիչ է շրջանառում, քան 2014-2015 թվականների գրիպի սեզոնին:
Հիվանդության ծանր կլինիկական ընթացքով և վերակենդանացման բաժանմունքներում բուժման դեպքեր արձանագրվել են միայն Եվրոպայի առանձին երկրներում՝ Իռլանդիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն (47 հոսպիտալացման դեպք, որից 37-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում): Դեպքերն արձանագրվել են 15-64 տարեկան անձանց շրջանում:
Վերջերս զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է հրապարակվել Իրանի Իսլամական Հանրապետության հարավարևմտյան նահանգներում (Քերման, Սիսթան և Բելուջիսթան) գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակով (խոզի գրիպ) պայմանավորված համաճարակային լարված իրավիճակի մասին՝ 33 մահվան ելքով։ Իրավիճակի մասին հավաստի տեղեկություն ստանալու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակով հարցում է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ստացված տեղեկատվությունը կտրամադրվի հանրությանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է, որ գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակն այսօր չունի պանդեմիկ ներուժ և դեռևս 2010 թվականից այն դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին։ Հետևաբար սահմանափակող միջոցառումներ չեն պահանջվում:
Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում համաճարակային իրավիճակին։ Հանրապետությունում իրականացվող շաբաթական մշտադիտարկման տվյալներով դիտվում է սուր շնչառական վարակների և գրիպի բնականոն, օրինաչափ ընթացք: Հանրապետության բժշկական կազմակերպություններում, այդ թվում` վերակենդանացման բաժանմունքներում, հետգրիպային բարդություններով հիվանդներ չեն բուժվում:
Իրականացված լաբորատոր հետազոտությունների տվյալները վկայում են, որ այսօր մեր երկրում շրջանառում են ինչպես շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, այնպես էլ գրիպի Ա և Բ տեսակի վիրուսներ: Հանրապետությունում առկա են գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի բուժման համար նախատեսված հակավիրուսային պատրաստուկներ:
Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է, որ գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով պետք է խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, հագնվել եղանակին համապատասխան, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները, հետևել անձնական հիÕ �իենային: