Պրահայում տեղի է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված գրական-երաժշտական միջոցառում
CultureՉեխիայի մայրաքաղաքի «Պիսեցկա Բրանա» ցուցասրահում դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության թեման 2015թ. չեխական հրատարակություններում» գրական-երաժշտական երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հե տ կապի վարչությունից, ձեռնարկը կազմակերպվել է «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի և Չեխիայում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով:
Բացելով երեկոն` «Օրեր» պարբերականի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը ներկայացրել է 2015 թվականի ընթացքում լույս տեսած չեխերեն երեք նոր հրատարակությունները՝ Պրահայում ծնված ավստրիացի մեծանուն գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպը և «Պլավ» գրական հանդեսի հատուկ թողարկումը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը և հայ գրականությանը։
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով ամփոփելով ընթացիկ տարում Չեխիայում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները` նշել է, որ Հայոց ցեղասպանության թեման միշտ արդիական է և մյուս տարի ևս կկազմակերպվեն այլ ձեռնարկներ: Հայ դիվանագետը հատուկ կարևորել է Չեխիայի բարձրաստիճան պատվիրակության մասնակցությունը Երևանում կազմակերպված ապրիլքսանչորսյան միջոցառումներին և խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ապրիլի 14-ին։ Դեսպանը նաև բարձր է գնահատել հրատարակված գրքերն ու ամսագիրը և ողջունել հրատարակչությունների ներկայացուցիչներին։
Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև «Վիշեհրադ» հրատարակչության խմբագիր Ֆիլիպ Օուտրատանը, ով ներկայացրել է մուսալեռցիների սխրանքն անմահացնող Ֆ․Վերֆելի վեպի նոր հրատարակությունը, ինչպես նաև Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպի չեխերեն թարգմանությունը կատարած Յարմիլա Հորակովան։
«Պլավ» գրական հանդեսի հատուկ թողարկումն ամբողջությամբ նվիրված է Հայոց ցեղասպանությանն ու հայ գրականությանը։ Այն ներկայացրել է թողարկման պատասխանատու խմբագիր Պավլա Նեհասիլովան, ով շեշտել է, որ առաջին անգամ չեխերենով ներկայացվել են ժամանակակից հայ գրողներ Վահագն Գրիգորյանի, Արմեն Շեկոյանի, Անահիտ Թոփչյանի, Ալեքսանդր Թոփչյանի ստեղծագործությունները, հայ դասականների աշխատանքներն, օրինակ, հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից, Հովհաննես Թումանյանի և այլ հայ գրողների գործեր։