Իրավապաշտպաններն ահազանգում են ազատազրկման վայրերում մարդու իրավունքների խախտումների մասին
SocietyՀՀ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները բարձրացնում են ոստիկանական բաժիններ մուտքի հնարավորություն ստանալու խնդիրը, քանի որ արձանագրում են` Հայաստանում ազատազրկման վայրերում գտնվող մարդկանց իրավունքներն ամենաշատն են խախտվում:
Դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը նշեց, որ մարդու իրավունքները խախտվում են ոստիկանության բաժին մուտք գործելուց հետո, որտեղ կիրառվում են խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք ազատազրկվածների նկատմամբ: «Ոստիկանության բաժինները, սակայն, հասարակական դիտորդական խմբերի համար անհասանելի են. մենք ձգտում ենք մուտքի հնարավորություն ստանալ»,- ասաց նա:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանում քրեակատարողական հիմնարկներում առկա է գերծանրաբեռնվածություն, ՔԿՀ-ների շենքային պայմանները բարվոք չեն:
«Հայաստանում կա 12 քրեակատարողական հիմնարկ, որոնք գերծանրաբեռնված են մնում նույնիսկ այն բանից հետո, երբ կառուցվում է նոր ՔԿՀ: Հիմնարկները նախատեսված են 840 հոգու համար, սակայն նվազագույնն այստեղ պահվում է 920 մարդ, ընդ որում՝ 8 հոգու համար նախատեսված խցում պահվում է 14 -16 բանտարկյալ: Այս խնդիրն ավելի ցայտուն արտահայտված է հատկապես Նուբարաշեն ՔԿՀ-ում»,- ասաց Սարգսյանը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը նշեց, որ Հայաստանում դժվար է բացահայտել ՔԿՀ-ներում մարդկանց խոշտանգումների դեպքերը, բայց կան որոշակի դեպքեր, երբ խնդիրը կապված է դատապարտյալների՝ միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու հետ. այստեղ նաև ՔԿՀ-ն պարտավորություն ունի կանխելու նման դեպքերը: Նրա խոսքով՝ դատապարտյալների նկատմամբ հիմնական ճնշումներն իրականացվում են քրեական հեղինակությունների կողմից. դատապարտյալներն ավելի շատ ենթարկվում են քրեական հեղինակություններին, քան ՔԿՀ ներքին կանոնանկարգին: Խոշտանգումների հետ կապված ահազանգերը շատ են, սակայն ահազանգողի անվտանգության ապահովմամբ պայմանավորված` տեղեկատվություն հրապարակել հնարավոր չէ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանը կարծում է, որ խտրականությունն առաջանում է կարծրատիպային մտածելակերպից: Խտրականության հիմնականում ենթարկվում են այն խոցելի խմբերը, որոնք հանցագործ աշխարհի կանոնների չենթարկվող դատապարտյալներ են, նույնասեռականները, թմրամիջոցներ օգտագործողները: Նրանք խտրականության են ենթարկվում թե ՔԿՀ-ների ներկայացուցինչերի, թե հիմնարկի ներսում հեղինակություն ձեռք բերած բանտարկյալների կողմից»,- ասաց դիտորդը:
Գաբրիելյանի հաղորդմամբ՝ ոչ մի քրեակատարողական հիմնարկություն համապատասխանեցված չէ տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար, չի ապահովվում դիետիկ սնունդ հիվանդություն ունեցողների համար: