Քննչական կոմիտեն քննում է ընտրախախտումների վերաբերյալ 6 քրեական գործ
SocietyՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից հարուցված քրեական գործը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։ 2015 թվականի դեկտեմբե րի 6-ին armlur.am տեղեկատվական հարթակում տեղադրվել է ««Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը քվեարկել է ուրիշի փոխարեն. լրագրողական հետաքննություն» վերտառությամբ հրապարարում և տեսանյութ, որի հիման վրա նախապատրաստված նյութերում, դատախազի գնահատմամբ, առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դատախազի կողմից քրեական գործ հարուցելու որոշման համաձայն՝ նշված դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները վկայում են, որ լրագրողը քվեարկել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների թիվ 9/12 տեղամասում։
Նախապատրաստված նյութերում և հիշյալ տեսանյութում «առերևույթ առկա են կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավել անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու հանցակազմի հատկանիշներ», և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-153-րդ հոդվածի հատկանիշներով։
Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։
Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։
Այսպիսով՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ դեկտեմբերի 9-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվում է 6 քրեական գործ։