Հյուրանոցային տնտեսության օբյեկտների ընդունած զբոսաշրջիկների թիվն աճել է 16.3 տոկոսով
EconomicsԱյս տարվա հուլիս-սեպտեմբերին Հայաստան ժամանած 443 հազար 87 զբոսաշրջիկներից 55 հազար 372-ը հանգրվանել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16.3 տոկոսով, այն դեպքում, երբ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նվազել է 0.2 տոկոսով: Նույնքան նվազել է նաև 2015թ. երրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնած զբոսաշրջիկների թիվը, որը կազմել է 409 hազար 296 մարդ: Զբոսաշրջային գործակալությունների կողմից կազմակերպված ուղևորություններով Հաաստանից մեկնել է 2 հազար 667 զբոսաշրջիկ (նվազումը` 1.8 տոկոս):
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն այս տվյալները հրապարակել է ըստ հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների:
Հայաստան ժամանած և հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանած 55 հազար 372 զբոսաշրջիկներից 35.9 տոկոսը մեր երկիր են այցելել գործնական, 30.6 տոկոսը` հանգստի և ժամանցի, 32.8 տոկոսը` այլ նպատակներով: 2015թ. երրորդ եռամսյակում զբոսաշրջային գործակալությունների կողմից կազմակերպված ուղևորություններով Հաաստանից մեկնած 2 հազար 667 զբոսաշրջիկներից 67.9 տոկոսի նպատակը եղել է հանգիստն ու ժամանցը, 13.4 տոկոսը մեկնել են գործնական, 18.6 տոկոսը` այլ նպատակներով:
Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանած զբոսաշրջիկների 19.2 տոկոսը Հայաստան է ժամանել Անկախ պետությունների համագործակցության երկրներից (15.6 տոկոսը`Ռուսաստանից), 28.8 տոկոսը` Եվրամիության երկրներից (7 տոկոսը` Ֆրանսիայից, 5.7 տոկոսը` Գերմանիայից, 8.4 տոկոսը` ԵՄ այլ երկրներից), 52 տոկոսը` այլ երկրներից (18.1 տոկոսը` ԱՄՆ-ից, 8.2 տկոսը` Իրանից):