Ադրբեջանական նավթի էժանացումը շարունակվում է
EconomicsԱդրբեջանական նավթի էժանացումը շարունակվում է: Վրաստանի Սուփսա, Բաթում եւ Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող եւ համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելն այսօր 1,27 տոկոսով կամ 0,52 դոլարով էժանացել է: Դա պայմանավորված է այն բանով, որ Նավթ արդյունահանող երկրների միությունը` OPEC-ը որոշել է չնվազեցնել նավթի արդյունահանման ծավալները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.az լրատվական կայքը` նշելով, որ ներկայում Azeri LT CIF տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց հասել է 40,42 դոլարի:
Azeri LT CIF տեսակի նավթի նվազագույն գինը` մեկ բարելի դիմաց 19,15 դոլար գրանցվել է 2001 թվականի դեկտեմբերին, իսկ առավելագույն գինը` 149,66 դոլար 2008 թվականի հուլիսին:
Ներկա դրությամբ` համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 39,49 դոլար, WTI նավթի մեկ բարելը` 36,52 դոլար:
«Ազադլըգ» թերթը` հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային ծառայության զեկույցին հայտնել էր, որ անցյալ տարվանից սկսված նավթի էժանացման արդյունքում Ադրբեջանի նավթային եկամուտները ներկա դրությամբ մոտ 9 մլրդ դոլարով նվազել են:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` Ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին:
Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել: Եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել. երկու անգամ կրճատվել է նաեւ Ադրբեջանի 2016 թվականի ռազմական բյուջեն` սահմանվելով մոտ 1,7 մլրդ դոլար:
Ադրբեջանի 2016 պետբյուջեի օրենքի համաձայն` պետբյուջե եկամտային մասը կանխատեսվում է 14,566 մլրդ մանաթ, ինչը կկազմի ՀՆԱ-ի 25,2 տոկոսը: Պետբյուջեի ծախսերը կկազմեն 16,264 մլրդ մանաթ, կամ ՀՆԱ-ի 28,2 տոկոսը: Դեֆիցիտը կկազմի 1 մլրդ 698 մլն մանաթ, կամ ՀՆԱ-ի 2,9 տոկոսը:
Բյուջետային ցուցանիշները կազմվել են մեկ բարելի դիմաց նավթի գինը 50 դոլարի չափով եւ մեկ դոլարի դիմաց մանաթի 1,05 փոխարժեքի կանխատեսմամբ:
Ադրբեջանի պետբյուջեն եւ պաշտպանական ոլորտի համար հատկացումները, անցյալ տարվա եղածի համեմատ, գրեթե երկու անգամ նվազելը կապված է նավթի գների շարունակական անկման հետ:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 50,51 դոլարով ցածր է: