Հայաստանում ընտանեկան բռնությունների թիվն ավելացել է
SocietyՀայաստանում մտահոգիչ է ընտանիքի ներսում երեխայի հանդեպ սեռական հանցագործության դեպքերի թիվը, որը կազմում է ընտանիքում երեխաների դեմ կիրառվող բռնությունների 47 տոկոսը: Հայաստանում ընտանեկան բռնության և երեխաների հանդեպ ոտնձգությունների վերաբերյա լ աշխատաժողովին նման մտահոգություն հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը ` տեղեկացնելով, որ 38 քրեական գործ է հարուցվել անչափահասների հանդեպ սեռական հանցագործությունների մեղադրանքով:
Ղամբարյանի մեկնաբանմամբ` ընտանեկան բռնությունների ոլորտը կարգավորող համալիր օրենք Հայաստանը չունի: Փոխարենն արդեն երկար ժամանակ է՝ մշակման փուլում է ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենքի նախագիծ, որը որևէ կերպ ավարտին չի հասցվում:
«Մենք կարիք ունենք դատավարական և իրավական պաշտպանության մեխանիզմների համալիրի»,- նշեց Ղամբարյանը` հավելելով, որ ընտանեկան բռնության մասով քրեական գործ կարող է հարուցվել մասնավոր բողոքի հիման վրա, միչդեռ տուժող կողմը հաճախ հաշտություն է կնքում: «Շատ դեպքերում ընտանիքում վիճում են, բռնություն է կիրառվում, բայց կինն ու երեխան սպառնալիքի ներքո հաշտվում են, ինչը հետագայում ծնում է ավելի ծանր հանցագործություններ»,- մանրամասնեց բանախոսը` միաժամանակ տեղեկացնելով, որ Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականով՝ եթե բռնությունը շ արունակական բնույթ կրելու միտում ունի, վարույթ իրականացնող մարմինն անգամ տուժողի եւ դիմողի հաշտության պարագայում կարող է շարունակել նախաքննությունը:
Իսկ ՀՀ Ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը հայտնեց, որ 2015 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 645 դեպք` նախորդ տարվա 575-ի համեմատ:
«Ամուսնու կողմից կնոջ նկատմամբ արձանագրվել է 392, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 11, ծնողի կողմից երեխայի նկատմամբ՝ 56, զավակի կողմից ծնողի նկատմամբ 85, ընտանիքի այլ անդամների կողմից անչափահասի հանդեպ՝ 13 դեպք: Կենակցի կողմից բռնության դեպքեր չեն գրանցվել»,- տվյալներ ներկայացրեց Դուրյանը: Նրա խոսքով` բռնությունների թվի աճը ոչ թե նշանակում է, որ նախկինում դեպքեր չեն գրանցվել, այլ որ ավելացել է ոստիկանության հանդեպ վստահությունը: Այսօր մարդիկ ավելի շատ են գալիս ոստիկանություն և հայտնում բռնության մասին: Շատացել են հարևանների կող մից ստացվող ահազանգերը, ովքեր խնդրում են չբացահայտել իրենց ինքնությունը:
Ոստիկանության վարչության պետի կարծիքով` բռնության հիմնականում դիմում են նրանք, ովքեր նախկինում ականատես են դարձել կամ զոհ են եղել ընտանեկան բռնությանը: Բռնության հիմնական դեպքերը գրանցվում են միայնակ ծնող ունեցող ընտանիքներում: