Կապանում բացվեց տարածաշրջանում առաջին էլեկտրոնային գրադարանը
SocietyԿապանում դեկտեմբերի 10-ին բացվեց տարածաշրջանում առաջին էլեկտրոնային գրադարանը, որի հիմնադրման աշխատանքները մեկնարկել են 2013թ. աշնանը, շինարարությունն սկսվել է 2014թ. մարտից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրադարանի բացման արարողության մասնակիցերը շրջեցին գրադարանի սրահներում, ծանոթացան այստեղ ներդրված տեխնոլոգիան երին, առկա հնարավորություններին: Նրանց ներկայացվեց նաեւ այս ծրագրի իրականացման պատմությունը. 2013թ. դեկտեմբերին «Քաունթերփարթ ինթերնեյշնլ»-ի կողմից հայտարարված ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրի մրցութային փուլին մասնակցելու համար Կապան քաղաքային համայնքի եւ ՀԱԽ-ի (համայնքային ակտիվ խումբ) կողմից ներկայացվեց «Էլեկտրոնային գրադարանի» ծրագիրը, որն ուղղված էր գրադարանային համակարգի՝ որպես համայնքային ենթակառույցի, գործունեության եւ մատուցվող գրադարանային ծառայության որակի բարելավմանը:
Իր շնորհավորանքի խոսքում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը շեշտեց, որ թեև ի սկզբանե այս ծրագիրն ուներ «Էլեկտրոնային գրադարան» անվանումը, այն իրականացնողների ցանկությունն է այստեղ տեսնել ոչ միայն զուտ գրադարան, այլեւ առավել լուրջ ու համայնքի համար կարեւոր կրթական հանրային կենտրոն: «Ցանկանում եմ, որ որ սա մեր քաղաքի ակտիվ խավերի, հասարակական, կրթական, մշակութային կառույցների, աշակերտների, երիտասարդների, ուսանողության եւ բոլորի սիրելի վայրն ու հավաքատեղին դառնա, այստեղ կյանքի կոչվն միջոցառումներ, փորձեն առկա հնարավորություններն օգտագործելով իրականացնել ծրագրեր, կրթություն եւ այստեղ ներդրված տեխնոլոգիաներն իրոք ծառայեն իրենց նպատակին», - նշեց համայնքի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով ծրագրում ներդրում ունեցած, դրան աջակցած բոլոր անձանց եւ կազմակերպություններին:
Շնորհավորանքի խոսք ասացին նաեւ եւ այս նոր կառույցի դերը տարածաշրջանի համար կարեւորեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Հայաստան Ստեփանյանը, որը գրադարանին գրքեր նվիրեց, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Լեռնիկ Պետրոսյանը, Սվետլանա Գեւորգյանը: Նորաբաց գրադարանն օրհնեց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը: Արդեն գործում է նաև գրադարանի կայքը:
Նորագույն սարքավորումների ներդրմամբ գրադարանում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի համապատասխան էլեկտրոնային սարքավորումների, համակարգիչների միջոցով բարձր մակարդակով եւ որակով իրականացվի ընթերցողների սպասարկումը, որոնց հնարավորություն կտրվի օգտվել ոչ միայն տեղի գրքային ֆոնդից, այլ նաեւ այլ գրադարանների էլեկտրոնային փաթեթներում գտնվող գրքային ֆոնդերից, որի համար Կապանի գրադարանը շուտով կանդամակցի Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին: Արդեն գործում է նաև գրադարանի կայքը:
2014թ. ամռանը Կապանի ակումբագրադարանային միավորման 10 աշխատակից մասնակցեց «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության և Հայաստանի ամերիկյան համալսարանի Փափազյանի անվան գրադարանի կողմից կազմակերպված վերապատրաստաման դասընթացներին: Գրադարանավարները ձեռք բերեցին անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ «ԿՈՀԱ» գրադարանային ծրագրով ավտոմատացված ծառայություններ մատուցելու համար:
Վերանորոգման աշխատանքներին զուգընթաց` վերապատրաստում անցած գրադարանավարները սկսել էին գրքերի էլեկտրոնային կատալոգի ստեղծման աշխատանքները եւ մոտ 20 000 կտոր գրականության թվայնացումը, որն այժմ էլ ընթացքի մեջ է:
Նախատեսվում է, որ էլեկտրոնային գրադարանը կդառնա նաեւ յուրօրինակ կրթական, մշակութային, հասարակական, ժամանցային կենտրոն, որն իր ձեւաչափով առաջինը կլինի տարածաշրջանում:
Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 76,3 մլն դրամ է. այն իրականացվել է համայնքային բյուջեի, «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ: Ամենամեծ ներդրումը` 40 մլն դրամ, կատարել է «Դանդի ՓՄԿ» ՓԲԸ-ն, համայնքը՝ մոտ 30 մլն դրամ:
Գրադարանն ունի հարմարավետ սրահներ տարբեր հանդիպումների, միջոցառումների, վերապատրաստումների համար, ֆիլմերի եւ այլ տեսանյութերի դիտումների հնարավորություն:
Արմինե Ավագյան