Շատերի համար էական չէր՝ կփոխվե՞ր Սահմանադրությունը, թե՞ ոչ
AnalysisՊաշտոնական տվյալներով՝ հանրաքվեի արդյունքում «Ոչ» ասաց 421 հազար քաղաքացի, ոչ պաշտոնականով այդ թիվը, բնական է` ավելի մեծ է, քանի որ եղել են ընտրակեղծիքներ:
Միգուցե 500, 600 կամ 700 հազար է եղել, կարևոր չէ: Կարևորն այն է, որ կեղծիքների հետևանքով հարյուր հազարավոր մարդկանց ձայներ գողացվել են, այդպես է ստացվում: Եվ եթե մարդկանց ձայները գողացվում են, այդ մարդիկ տրամաբանորեն պետք է տեր կանգնեն իրենց ձայներին: Սակայն ընդդիմության հանրահավաքներին գնում է ընդամենը մի քանի տասնյակ մարդ, լավագույն օրերին՝ 100-200:
Պատկերացնո՞ւմ եք՝ 500-700 հազարից ընդամենը 100-ը, այսինքն՝ մոտավորապես 0,02 տոկոսը: Սա ի՞նչ է, նորմա՞լ է, թե՞ մարդիկ են անտարբեր: Բայց պատկերացրեք, որ մարդիկ իրականում բնավ էլ անտարբեր չեն, և եթե իսկապես նրանց հետաքրքրեր հին ու նոր Սահմանադրության հարցը ու նրանք գաղափարապես «ոչ»-ի կողմնակից լինեին, ապա հանրահավաքներին այդ նույն մարդկանց հազարներով, տասնյակ հազարներով կհաշվեինք, այլ ոչ թե տասնյակներով:
Բանն այն է, որ «Ոչ» ասողների ճնշող մեծամասնությանն ընդհանրապես չի հետաքրքրել նախագիծը, նույնիսկ չեն էլ կարդացել, նրանք պարզապես բացասական վերաբերմունք ունեն գործող իշխանությունների նկատմամբ, ինչը լիովին հասկանալի է ու հիմնավոր, որովհետև իշխանություններն իրենց քայլերով են արժանանում նման վերաբերմունքի: Եվ, ունենալով նման վերաբերմունք, քաղաքացիների այդ հատվածի համար «Ոչ»-ը իրենց վերաբերմունքի արտահայտման միջոցների մեկն էր և նրանք արտահայտեցին:
Շարունակությունն արդեն շատերի համար էական չէր՝ կփոխվե՞ր Սահմանադրությունը, թե՞ չէր փոխվի: Կարևորը մարդիկ ցույց տվեցին, որ իրենք դեմ են այսօրվա իշխանություններին, դժգոհ են իշխանություններից: Ասելիքը դա էր և այդ ասելիքը տեղ հասավ, իսկ մնացածը, ինչ կատարվում է հիմա, կարծում եմ՝ ընդամենը ընդդիմադիր ուժերի խնդիրն է, իրենք փորձում են իրենց խնդիրները լուծել:
Ոմանց համար դա անընդունելի է, ոմանց համար՝ ծիծաղելի, բայց այդ ուժերը և գործիչներն այդ ուղին են ընտրել իրենց գործունեության համար: Դա էլ իրենց իրավունքն է, բայց փաստացի ժողովրդի գործոնն այստեղ չկա, ժողովրդին դա պետք չէ, ավելին, ժողովրդի զգալի մասը պարզապես չի վստահում այդ ուժերին և չի ուզում մասնակցել նրանց քաղաքական ծրագրերին, հակառակ դեպքում, հավատացեք, հանրահավաքները բազմամարդ կլինեին:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան