Հայկական հեռուստաընկերությունները հանրաքվեի քարոզարշավը լուսաբանել են չեզոք և պրոֆեսիոնալ
SocietyԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) հոկտեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը մոնիթորինգ է անցկացրել` պարզելու, թե համահայկական սփռում ունեցող 10 հեռուստաընկերություններ ինչպես են լուսաբանել սահմանադրական փոփոխություններին նվիրված մամուլի ասուլիսները: Ինչպես հաղորդում է ԽԱՊԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում թեմային նվիրված 110 մամուլի ասուլիս է կայացել, որին մասնակցել է 172 բանախոս: Քաղաքական ուժերից ակտիվությամբ առաջատարը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է: ՀՀԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են 39 ասուլիսի եւ ներկայացրել իրենց տեսակետերը: Մնացած կուսակցություններն ու արտախորհրդարանական ուժերը 1,5 անգամ ավելի քիչ քանակությամբ ասուլիսների են մասնակցել:
«Ակտիվ է եղել հասարակական կազմակերպությունների մասնակցությունը: Նրանց մասնակցությամբ կայացել է 66 ասուլիս»,- ասաց Աշոտ Մելիքյանը: Համապետական սփռում ունեցող 10 հեռուստաընկերություններից ամենաակտիվը եղել է Կենտրոնը ՀԸ-ն. այն մասնակցել է 62 ասուլիսի, եթեր հեռարձակել` 55-ը:
««Արմնյուզ»-ն ընդամենը մեկ ասուլիս է եթեր հեռարձակել, այն էլ երբ բանախոսը հեռուստաընկերության տնօրենն էր, իսկ ATV-ն ընդհանրապես որեւէ ասուլիս չի լուսաբանել»,- ասաց Աշոտ Մելիքյանը` հավելելով, որ 110 ասուլիսից 15-ին որեւէ հեռուստաընկերություն ներկա չի եղել:
Հեռուստաընկերությունների աշխատանքն ու լուսաբանումն ընդհանուր առմամբ Մելիքյանը գնահատում է չեզոք եւ պրոֆեսիոնալ: Ըստ Մելիքյանի, փոփոխություններ չկան, այս եւ նախորդ ընտրություններում քարոզարշավների ժամանակ հեռուստաընկերությունների աշխատանքի միջեւ: Ըստ Մելիքյանի՝ պատճառն այն է, որ այդ ժամանակահատվածում տեղական եւ միջազգային կազմակերպությունները մոնիթորինիգի են ենթարկում հեռուստաընկերությունների աշխատանքը, ինչով էլ պայմանավորված է բոլոր ուժերին հավասարաչափ եթերի եւ ներկայության ապահովումը: