Հարկային օրենսգրքում արտոնությունների ամրագրումը թույլ կտա գնահատել դրանց ազդեցությունը տնտեսության վրա. ՀԲ
SocietyՀայաստանում հարկային դաշտը կարգավորող օրենսդրության մեջ կարտացոլվեն հարկային արտոնությունների ուղղություններն ու ոլորտները, ինչը թույլ կտա գնահատել դրանց ազդեցությունը տնտեսության և հասարակության վրա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` նման տեսակետ արտահայտեցՀամաշխարհային բանկի Երևանի գրասենյակի « ավագ տնտեսագետ,ծրագրային թիմի ղեկավար Գոհար Գյուլումյանը: Նրա խոսքով` այսօրվա հարկային դաշտը կարգավորող մեկ միասնական փաստաթուղթ չկա, որում կարելի է տեսնել բոլոր ոլորտները, որտեղ առկա են հարկային արտոնություններ: Համաշխարհային բանկը Զարգացման քաղաքականության երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության հետ եկել էր համաձայնության, որպեսզի հարկային արտոնությունների մասին ինֆորմացիան պետբյուջեի փաստաթղթի մաս կազմի: Դա թույլ կտա գնահատել, թե ինչքան են կազմում եկամուտները, որոնք պետբյուջե մուտք չեն գործում, այլ բիզնեսն է ստանում որպես արտոնություն: «Կառավարությունն առաջին անգամ ինքնագնահատում արեց ու պարզեց, որ ՀՆԱ-ի 5-7 տոկոսի սահմաններում հարկային արտոնություններ են տրվում: Համեմատության համար պետք է ասել, որ պետբյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 2-3 տոկոսն է կազմում, երբ հասնում է 4 տոկոսի, ասում ենք, որ մակարդակը բարձր է»,-նկատեց տնտեսագետը` հավելելով, որ ՀՀ հարկային օրենսգրքում, որի նախագիծն արդեն պատրաստ է, պետք է արտացոլվեն արտոնությունները թե հարկատեսակի, թե առանձին ոլորտն երի գծով: