Հովիկ Աբրահամյանը ծանոթացավ Վանաձորի տեխնոպարկի կառուցման աշխատանքներին
EconomicsՎանաձորի տեխնոպարկի կառուցման շինաշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանացույցի և կավարտվեն հաջորդ տարվա մայիսին:
Այս մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Վանաձոր կատարած այցի ժամանակ տեղեկացրին շինաշխատանքների պատասխանատուները:
Վարչապետը շրջեց տեխնոպարկի շինհրապարակում, ծանոթացավ կատարվող աշխատանքների ընթացքին:
Հովիկ Աբրահամյանը գոհունակություն հայտնեց աշխատանքների ընթացքից և հորդորեց հետագա աշխատանքները շարունակել՝ խստորեն պահպանելով որակական հատկանիշները:
ՀՀ վարչապետին ուղեկցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
ՀՀ կառավարությունը 2014թ. փետրվարի 13-ին որոշել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման նպատակով ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանից (Պոլիտեխնիկ) վերցնել անհատույց օգտագործման իրավունքով Վանաձոր քաղաքում նրան ամրացված գտնվող մասնաշենքի եռահարկ կառույցը: Վանաձորի տեխնոպարկում կգործեն 2 գիտահետազոտական կենտրոն եւ 20-ից ավելի ընկերություններ: