Ավրաամ Ռուսոյի եւ Սոգդիանայի նոր տեսահոլովակի նկարահանումները Հայաստանում (բացառիկ ֆոտոշարք, տեսանյութ)
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Օրեր առաջ «Հայֆիլմ» կինոստուդիայում կայացավ ռուսական էստրադայի հայտնի երգիչներ Ավրաամ Ռուսոյի եւ Սոգդիանայի զուգերգի տեսահոլովակի նկարահանումը:
NEWS.am STYLE-ը բացառիկ իրավունքով ներկա էր տեսահոլովակի նկարահանմանը եւ կարողացել է պարզել երգիչների համագործակցության մանրամասներն ու տեսահոլովակը Երեւանում նկարահանելու պատճառները:
Ի տարբերություն Ռուսոյի` Սոգդիանան առաջին անգամ էր Հայաստանում: Երգչուհին քաղաքին հիմնականում ծանոթացել է ավտոմեքենայից, սակայն անչափ ոգեւորված է այստեղ գտնվելու առթիվ.
«Ավրաամի եւ իմ զուգերգը կոչվում է «Нет невозможного»: Այս գեղեցիկ ստեղծագործության հեղինակներն են Օլեսիա Օսենինան եւ նրա ամուսինը` Տարաս Պանենկոն: Երբ առաջին անգամ լսեցի երգն, այնտեղ տեսա ինչ-որ երկխոսություն եւ որոշեցի, որ այն պետք է լինի զուգերգի տեսքով: Ուրախ եմ, որ ճիշտ պահին հանդիպեցի Ավրաամին, ինչի շնորհիվ էլ ստեղծվեց համատեղ երգով ներկայանալու գաղափարը»:
Ի տարբերություն Սոգդիանայի` մեր հայրենակից Ռուսոն շատ անգամներ է եղել Հայաստանում եւ վաղուց էր երազում հայալեզու ալբոմ թողարկելու մասին, որի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Երգիչն արդեն հասցրել է այստեղ նկարահանել «Իմ աշխարհ» երգի հիման վրա տեսահոլովակ:
«Քանի որ արդեն այստեղ էի «Իմ աշխարհ» հայալեզու երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով, ցանկացա, որ իմ եւ Սոգդիանայի զուգերգի հիման վրա տեսահոլովակն էլ նկարահանվի Երեւանում: Կարծում եմ` այս երգը երկար կյանք կունենա: Հաջորդիվ մեկ այլ երգի հիման վրա էլ եմ տեսահոլովակ նկարահանելու` կրկին հայերեն լեզվով: Նպատակ ունեմ տեսահոլովակն այստեղ նկարահանել»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Ռուսոն:
Տեսահոլովակի ռեժիսոր Ժոռ Մելոյանը տեղեկացրեց, որ նկարահանման աշխատանքները շարունակվելու են նաեւ արտիստների` երկրից հեռանալուց հետո: Հնարավոր է, որ տեսահոլովակի մյուս տեսարաններում նկարահանվեն այլ դերասաններ, սակայն ռեժիսորն առայժմ դժվարացավ նշել, թե ովքեր կլինեն նրանք եւ ինչպիսին կլինի տեսահոլովակի հետագա սյուժեն.
«Կարող եմ ասել, որ շատ լավ երգ է եւ արդեն հայտնվել է համացանցում ու հասցրել է սիրվել»,-նշեց Ժոռը:
Տեղեկացնենք նաեւ, որ այստեղ գտնվելու ընթացքում Ավրաամ Ռուսոն մենահամերգ է ունեցել Գյումրիում: Համերգը կրում էր բարեգործական բնույթ: Ստացված ողջ հասույթը հատկացվելու է հայկական եկեղեցիների վերանորոգմանը:
Ռուսոյի եւ Սոգդիանայի տեսահոլովակի backstage-ը կարող եք մանրամասն տեսնել NEWS.am STYLE-ի բացառիկ տեսանյութում եւ լուսանկարներում:
Սյունե Առաքելյան
Տեսանյութը` Մելինե Տոնոյանի
Լուսանկարները` Արսեն Սարգսյանի
Շարունակությունը` այստեղ:













