Քեյթ Ուինսլեթը` «Սթիվ Ջոբս» ֆիլմում հայուհի Ջոաննա Հոֆմանին մարմնավորելու մասին
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Քեյթ Ոունինսլեթը կատարելագործվում է տեխնոլոգիական նորամուծութկունների ոլորտում, քանի որ դերասանուհին Դենի Բոյլի «Սթիվ Ջոբս» ֆիլմում մարմնավորել է Ջոաննա Հոֆմանին` Apple ընկերության մարկետոլոգին, որը մայրական կողմից հայուհի է: Սակայն իրական կյանքում դերասանուհին ցանկանում էր հինգշաբթի առավոտյան անջատել իր բջջայինը` լրատվամիջոցների «հարձակումներից» խուսափելու համար: Այո, այո, անգամ օսկարակիր դերասանուհիներն են նյարդայնանում նման բաների:
Այնուամենայնիվ, դերասանուհին հեռախոսազրույց է ունեցել Los Angeles Times-ի հետ, որի ընթացքում խոսել է մրցանակաբաշխությունների եւ Ջոաննա Հոֆմանին մարմնավորելու մասին: Զրույցի մանրամասները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
-Քեյթ, Ձեր մակարդակի դերասաններն է՞լ են նյարդայնանում եւ հուզվում մրցանակաբաշխություններից առաջ: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է «Ոսկե Գլոբուս 2016-ին», որի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում նոմինացված եք նաեւ Դուք:

-Ես էլ եմ մարդ եւ, բնականաբար, ես էլ եմ հուզվում նման պատասխանատու պահերից առաջ: Չեմ կարծում, թե ինչ-որ բան երբեւէ կփոխվի: Հիմա նույնիսկ ավելի եմ հուզվում, քան 20 տարեկանում, քանի որ այն ժամանակ չէի գիտակցում, թե ինչ բան է մրցակցությունը: Այն ժամանակ նույնիսկ բջջային չունեի, էլ չեմ խոսում համացանցի մասին:

-Իսկ այժմ փաստորեն նկարահանվել եք մի ֆիլմում, որը ամբողջությամբ հիմնված է տեխնոլոգիական զարգացումների վրա:
-Այո, սրանք շատ կարեւոր բաներ են, որոնք բոլորիս ավելի տեղեկացված են պահում, բայց միեւնույն ժամանակ դրանց պատճառով ավելի ենք նյարդայնանում եւ լարվում: Տեղեկությունը չափից դուրս շատ է…
-Շատ եք պայքարել Ջոաննա Հոֆմանի դերը ստանալու համար: Նույնիսկ սեւ կեղծամ եք կրել եւ Ձեր լուսանկարը ուղարկել եք պրոդյուսեր Սքոթ Ռուդին: Ի՞նչն էր Ձեզ այդքան գրավել այդ կերպարի մեջ:

-Չեմ կարող ասել. Երբեմն մի բան, պարզապես, քեզ շատ է ձգում: Երբ ծանոթացա ֆիլմի սցենարին եւ իմացա, թե ով է լինելու ռեժիսորը, ինձ ավել ոչինչ պետք չէր: Երբ իմացա, որ Ջոաննային մարմնավորող դերասանուհի դեռ չեն գտել, հասկացա, որ շատ եմ ցանկանում ստանալ այդ դերը: Միեւնույն ժամանակ, ամեն ինչ ինձ համար նոր էր եւ մի փոքր վախենալու, բայց ես դրեցի իմ կեղծամն ու պատրաստվեցի դերի համար:
-Մինչ այդ լսե՞լ էիք Ջոաննա Հոֆմանի մասին:

-Ոչ, չէի լսել: Ինձ նկարագրել էին նրան: Հենց իմացա որ նա լեհական եւ հայկական արմատներ ունի, ասացի. «ես ցանկանում եմ նրան մարմնավորել», քանի որ այդ դերը շատ հեռու էր ինձանից եւ ես ցանկանում էի որեւէ անսովոր հերոսուհու մարմնավորել: Գիտեի, որ դժվար կլինի մրցակցությունը: Բավականին շատ փորձեր ենք արել: Սիրով եմ հիշում այդ ամենը:
-Փաստորեն, դերը Ձեզ բաժին հասավ. Ինչպե՞ս եք պատրաստվում տոնել այս հաղթանակը:
-Պատրաստվում եմ որեւէ տեղ գնալ երեխաներիս հետ, բայց մինչ այդ հաստատ մի բաժակ մի բան կխմեմ: Այնքան հպարտ եմ, որ նկարահանվել եմ այս ֆիլմում: Երբ առաջին անգամ տեսա այն, հիացած էի սցենարով եւ ամբողջ անձնակազմի աշխատանքով:
Հարցազրույցը` Los Angeles Times-ի
Պատրաստեց` Սյունե Առաքելյանը