Թեյլոր Սվիֆթ. Երիտասարդ երգչուհին նշում է ծննդյան տարեդարձը
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Քանթրի-փոփ ոճի ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթն այսօր դառնում է 26 տարեկան:
Երգչուհուն մեծ հաջողություն բերեց 2008 թ-ին լույս տեսած Fearless ալբոմը, որը միջազգային ճանաչում ունեցավ: Այդ ալբոմում ներառված էին նաեւ Սվիֆթի հայտնի հիթերը` Love Story-ն եւ You Belong With Me-ն: Fearless-ը Թեյլորին բերեց միանգամից 4 «Գրեմմի», ընդ որում` հաղթեց «Տարվա ալբոմ» անվանակարգում: Այդպիսով` Թեյլոր Սվիֆթը դարձավ այդքան շատ «Գրեմմի»-ների արժանացած ամենաերիտասարդ երգչուհին:
2010 թ-ի հունվարին Թեյլորին անվանեցին «ամենահաջողակ թվային երգչուհի»` նկատի ունենալով երգչուհու հոնորարները:
Այսօր 26-ամյա երգչուհին արդեն 100-ից ավել մրցանակների տիրուհի է` 7 «Գրեմմի», 15 American Music Awards, 12 Billboard Music Awards եւ այլն:

2011 թ-ին Թեյլոր Սվիֆթն ու Քերրի Անդերվուդը դարձան քանթրի ժանրի միակ նրկայացուցիչները, որոնց անվանեցին «Փոփ երաժշտության Թագուհիներ»:

Իհարկե, երիտասարդ գեղեցկուհին չի կարողացել խուսափել նաեւ սիրային արկածներից:
2008 թ-ին նա հանդիպում էր Jonas Brothers խմբի անդամ Ջո Ջոնասի հետ: Մեկ տարի անց երգչուհին գրավում է «Մթնշաղը» ֆիլմի աստղ Թեյլոր Լոթների սիրտը: Նրանք միասին նկարահանվել են «Սուրբ Վալենտինի օրը» ֆիլմում: Այս սիրավեպը, կարծես թե, մեծ հետք է թողել երգչուհու կյանքում, քանի որ բաժանումից հետո Սվիֆթը Լոթներին նույնիսկ երգ է նվիրել` Back to December
Այսօր Թեյլոր Սվիֆթը հանդիպում է DJ Քելվին Հարիսի հետ: Նրանք ճանաչվել են 2015 թ-ի ամենաբարձր վարձատրվող զույգը:
Սյունե Առաքելյան