Հոնկոնգում թայֆունի պատճառով փակվել են դպրոցներն ու գրասենյակները
International newsՖիլիպինների կողմից եկած «Կալմեջի» խաղաղօվկիանոսյան թայֆունը կաթվածահարել է Հոնկոնգի կյանքը: Գերքաղաքը պատուհասել են տեղատարափ անձրևներն ու փոթորկալի քամին, որի պոռթկումները հասնում են ժամում 166 կիլոմետրի: Մոլեգնած տարերքի պատճառով սեպտեմբերի 16-ին այստեղ փակվել են դպրոցները, կառավարական հիմնարկությունները, բանկերը: Սակարկություններ չեն անցկացվում Հոնկոնգի ֆոնդային սակարանում:
Տեղի միջազգային օդանավակայանում չեղյալ են հայտարարված կամ հետաձգվում են տասնյակ ավիաչվերթներ: Ալեկոծության պատճառով դադարեցված է լաստանավային հաղորդակցությունը, այդ թվում՝ Մակաոյի և մայրցամաքային Չինաստանի ափամերձ քաղաքների հետ:
Օդերևութաբանների տվյալներով՝ թայֆունի էպիկենտրոնն այժմ գտնվում է Հարավչինական ծովում՝ Հոնկոնգից 390 կիլոմետր հարավ-արևմուտք ընկած շրջանում:
Ավելի վաղ «Կալմեջին», որի անվանումը կորեերենից թարգմանաբար նշանակում է «ճայ», հարվածել է Ֆիլիպիններին, որտեղ այն հեղեղումներ է առաջացրել և խլել հինգ մարդու կյանք, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: